ՄԱԿ-ի համաժողովը, որտեղ կքննարկվի Սիրիայի փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը, տեղի կունենա սեպտեմբերին՝ Ժնևում՝ Սիրիայի հարևան երկրների՝ Թուրքիայի, Իրաքի, Հորդանանի և Լիբանանի մասնակցությամբ:
«Մենք մշտական կապի մեջ ենք գտնվում ՄԱԿ-ի հետ՝ Սիրիայից փախստականների աճող հոսքին ապագայում արձագանքելու համար: Դրա հետ կապված՝ մենք առաջարկել ենք հանդիպում կազմակերպել ՄԱԿ-ի և Սիրիայի հարևան երկրների մասնակցությամբ»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լևենթ Գյումրյուչկուն:
Համաժողովին կմասնակցի փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը, հաղորդում է Interfax-ը:
Նշենք, որ Անկարայում կարծում են, որ հետագայում փախստականների թվի աճի դեպքում ՄԱԿ-ը պետք է սիրիացիների մարդասիրական կարիքները հոգալու համար հնարավորություն փնտրի հենց երկրի ներսում: Ըստ թուրք դիվանագետի՝ դրա համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունի։








































