Իրանը լուրջ քաղաքական կամք ունի ազգային միջուկային ծրագրի հարցի վերաբերյալ լուծում գտնելու համար և պատասխանի է սպասում իր ընդդիմախոսներից՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Իրանական միջուկային ծրագրի լուծման ճանապարհները կապված են քաղաքական կամքի հետ… Ես, որպես Իրանի նախագահ, կարող եմ ասել, որ մենք լուրջ քաղաքական կամք ունենք իրավիճակի կարգավորման համար՝ ազգային շահերի և իրանական ժողովրդի իրավունքների պահպանության դեպքում»,- ասել է Ռուհանին:
Նախագահի խոսքերով՝ Իրանը հույս ունի, որ Իսլամական Հանրապետության ընդդիմախոսները նույնքան կամք կունենան խնդրին լուծում տալու համար:
«Եթե մեր ընդդիմախոսները նույնքան քաղաքական կամք ունենան, ինչպես մենք, ապա դա որոշակի մթնոլորտ կստեղծի, և մենք անպայման լուծում կգտնենք»,- նշել է նախագահը:







































