Եթե Եգիպտոսի ոստիկանությունը սկսի ցրել ի պաշտպանություն տապալված իսլամիստ նախագահ Մուհամմադ Մուրսիի անցկացվող ցույցը, «Մուսուլման եղբայրներ» շարժումը կարող է կիրառել թունավոր գազ: Այս մասին հայտնել է «Եղբայրներ առանց բռնության» կազմակերպության համակարգող Ահմեդ Յահյան՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Եղբայրներ առանց բռնության» շարժման մեջ մտնում են «Մուսուլման եղբայրների» նախկին երիտասարդ ակտիվիստները, ովքեր առանձնացել են, այսպես կոչված, «հունիսի 30-ի հեղափոխությունից» հետո կազմակերպության քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով:
Համակարգողը նախազգուշացրել է, որ «Մուսուլման եղբայրները» Ռաբաա Ալ-Ադաուիա մզկիթի մոտ՝ Մուրսիի կողմնակիցների հանրահավաքի շրջանում, և Կահիրե համալսարանի մոտ ֆոսֆորի հիմքի վրա թունավոր նյութ են թաքցնում, բացի այդ՝ ունեն ժամանակակից հրազեն:
Նրա տեղեկություններով՝ կազմակերպությունն իր տրամադրության տակ ունի մոտ 60 մլրդ դոլար, որը կարող է օգտագործել բողոքի ակցիաները շարունակելու համար:









































