Կովկասի մուսուլմանների վարչությունը բողոքարկել է լուսնային նոր ամսվա մեկնարկի մասին Ադրբեջանի աստղադիտարանի հայտարարությունը: Այս մասին հայտնում է APA-ն: Վարչության ղեկավարությունում կարծում են, որ նման ամսաթվերը սահմանելիս անհրաժեշտ է առաջնորդվել հավատացյալների կարծիքով:
Ավելի վաղ Շամահինի աստղաֆիզիկական աստղադիտարանի փոխտնօրեն Խըդըր Միկաիլովը հայտարարել էր, որ Ռամադան ամսից հետո լուսնային նոր ամսվա մեկնարկը տեղի կունենա օգոստոսի 6-7-ի գիշերը: Նրա խոսքով՝ մարդիկ կարող են նորալուսինը երկնքում տեսնել դրանից մի քանի օր անց:
Պատասխան քննադատությամբ է հանդես եկել Կովկասի մուսուլմանների վարչության (այն Անդրկովկասում մուսուլմանների գերագույն հոգևոր-վարչական մարմինն է, որը գտնվում է Բաքվում) փոխնախագահ Հաջի Ֆուադ Նուրուլլահը, ով հայտարարել է, որ աստղադիտարանի տվյալները մոտավոր են:
Նրա խոսքով՝ դա հայտնի է միայն Ալլահին. եթե նա չի «նորացնում» Լուսինը, ինչպես կարող են մարդիկ ավելի վաղ իմանալ դրա մասին:
Իսլամական օրացույցը հաշվարկվում է Լուսնի փուլերի հիման վրա: Ամիսները կազմված են 29 կամ 30 օրից: Նոր ամիսը սկսվում է նորալուսնից հետո:









































