Հարավային Մեքսիկայից Պանամա ձգվող լեռնային անտառներում են բնակվում ազատասեր կվեզալ թռչունները, որոնք Գվատեմալայի պետական, ինչպես նաև ազատության ազգային խորհրդանիշն են համարվում: Ացտեկների ժամանակաշրջանում այս թռչունը մարմնավորում էր օդի աստծուն:
Այն ժամանակ մարդիկ կվեզալի երկար փետուրներն օգտագործում էին տարբեր ծիսակատարությունների ժամանակ: Հատկանշական է, որ ացտեկները երբեք չէին սպանում աստվածացրած թռչուններին. փետուրները պոկելով՝ բաց էին թողնում դրանց: Ացտեկների կայսրության անկումից հետո այս թռչուններին անխնա սպանում էին՝ դրանք դնելով ոչնչացման սպառնալիքի տակ: Մեր ժամանակներում նրանց ևս մեկ վտանգ է սպառնում՝ ոչնչացվում են թռչունների միակ բնակավայրերը՝ արևադարձային անտառները:
Մասնագետները չեն կարողանում դրանք անազատության մեջ բազմացնել, քանի որ բռնված թռչուններն արագ մահանում են: Այս տեսակը ներառված է միջազգային Կարմիր գրքի մեջ:









































