Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Թուրքիայի նախագահին կոչ է արել Իրաք զորքեր ուղարկելուց առաջ երկիրը մաքրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից։
Դիմելով Էրդողանին՝ Դեմիրթաշը հայտարարել է. «Դուք հայտարարում եք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մասին։ Առաջին հերթին պետք է Գազիանթեփը մաքրել ԴԱԻՇ-ի զինյալներից։ Այնտեղ կան շրջաններ, ուր չեն կարող մտնել անվտանգության ուժերը»։
Դեմիրթաշի խոսքերով՝ Սիրիայի ու Իրաքի հանդեպ Թուրքիայի կառավարության քաղաքականությունը մատնված է եղել ձախողման, քանի որ դա ըստ էության եղել է պոպուլիստական ու ռասիստական.
«Նայե՛ք պաշտոնյաների արած հայտարարություններին։ Նրանք ասում են, որ Մոսուլը մերն է, և Մոսուլը թուրքական քաղաք է։ Դա ի՞նչ քաղաքականություն է»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Մոսուլը նախկինում մաս է կազմել Օսմանյան կայսրությանը և այսօր Թուրքիայի շահերի գոտում է։









































