«Մի բան կարող եմ արձանագրել, որ ովքեր խախտել են հուշագիրը, նրանք պարզվելու են առաջիկա քվեարկությունների ժամանակ։ Ժամանակը կգա, բոլորը կտեսնեն։ Մյուս քվեարկությունները բաց են լինելու՝ բյուջե պետք է ընդունեն, կատարողական կա, կքվեարկեն, այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի»,- նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ չնշելով, թե իր կարծիքով ովքեր են Վանաձորի ավագանու այն անդամները, որոնք պարտավորվել են քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին, բայց այդպես չեն վարվել։
Մարուքյանի դիտակմամբ՝ կատարվածն ընդդեմ վանաձորցիների սպասումների էր։ «Նման հաղթանակը, եթե կարելի է սա կոչել հաղթանակ, ոչ մի բան չի փոխի։ Այս ամենն իր հետևանքներն ունենալու է։ Կյանքում չէի ուզենա, որ այս ճանապարհով մի բան ընդունվի, ընտրվի»,- նշեց Մարուքյանը՝ վստահեցնելով, որ ամենօրյա ռեժիմով ճնշումներ են եղել ավագանու իրենց անդամների վրա։
«Դատախազությունից մարդ է եղել, ասել է, որ բաց չքվեարկեք, քրեական գործ կհարուցվի։ Սա է մեր ունեցածը։ Բայց ասում եմ՝ ամեն ինչ նորմալ է։ Մենք մեր առջև դրված խնդիրները լուծելու ենք։ Ու դեռ հարց է՝ քվեարկության այս արդյունքները վերջնական ուժի մեջ կմտնե՞ն, թե՞ ոչ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՎԿ և ԲՀԿ անդամները պնդում են, որ իրենք քվեարկել են հուշագրի համաձայն, Էդմոն Մարուքյանը նշեց. «Մեր կուսակցության անդամների համար պատասխանատվություն ենք կրում, նրանց քվեարկությունը ստուգված է»։ Նա նաև ընդգծեց, որ ՀՀ-ում քաղաքական համակարգը տեռորի տակ է գտնվում:
Մանրամասները՝ տեսանյութում










































