Օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ դեռևս պայմաններ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած հակամարտության հաղթահարման համար: Դրան հաջորդեց Զախարովայի նյարդային արձագանքը Քերրիին: (Նա նշել էր. «Կարգավորումը շահում է ոչ թե հայտարարությունից, այլ գործնական աշխատանքից, որով մենք զբաղվում ենք»)։ Այնուհետև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի գծով ղեկավարը հայտարարել էր, որ հիասթափված է Քերրի հայտարարությունից, և որ Ադրբեջանը պատրաստ է գնալ հակամարտության կարգավորման:
Արդյունքում տեսնում ենք, որ օրերս շփման գծում մեծ լարում կար, աննախադեպ էին խախտման դեպքերը: Կասպրշիկի գրասենյակը հայտարարություն տարածեց այն մասին, որ իրենք մանդատ չունեն դիտարկումների հետաքննություն իրականացնելու: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի հետ:
«Բավական ակտիվացել են տեղեկատվական հոսքերը՝ կապած հակամարտության հետ, բայց գործնականում երևի թե սա պայմանավորված է նրանով, որ ոչինչ տեղի չի ունենում: Երբ Քերրին ասում էր, որ չկան քաղաքական պայմաններ և չկա քաղաքական կամք, դա ըստ էության արձանագրությունն էր այն իրողության, որը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի գագաթաժողովի փաստացի տապալումից հետո, եղան հանդիպումներ, բայց ոչինչ չհետևեց դրան, և կողմերը հայտնվեցին փակուղում: Որոշ ժամանակ կարծես թե թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հնարավորություն ունեին չխոսելու դրա մասին… Քանի դեռ լարվածություն կար ներսում, փորձում էին արտաքին լարվածություն չստեղծել»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հայաստանը կարծես թե հակված չէ այս պայմաններում այս ձևաչափով բանակցել, և Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի Երևանին միջազգային հանության օգնությամբ բերման ենթարկի բանակցային սեղանի շուրջ: Այս դիտարկմանն ի պատասխան՝ քաղաքագետը նշեց. «Ես չէի ասի, որ բերման ենթարկելու խնդիր են ուզում լուծել: Փորձում են ցույց տալ, որ իրենց քաղաքականությունը նպատակաուղղված և շարունակական է»:
«Ադրբեջանը հիմա խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, որովհետև այնտեղ վստահ էին, որ այն զինատեսակները, որոնք ցուցադրվեցին զորահանդեսի ժամանակ, դրանք Հայաստանին չեն փոխանցվելու: Այն պահից սկսած, երբ հասկացան, որ Հայաստանին «Իսկանդերներ» են վաճառվել, Ադրբեջանում միանգամից ընկալումները փոխվեցին: Նրանք փորձում են հավասարակշռություն ստեղծել: Եվ դատելով վերիջին օրերի այս ապատեղեկատվական հոսքերից, որ գալիս են հենց Ադրբեջանի պաշտոնյաներից, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի հետ այդ խնդիրը չի լուծվել:
Ադրբեջանում կա այդ համոզմունքը, որ լոկալ պատերազմը հյուծում է մեզ: Եթե թեկուզ լոկալ պատերազմը սկսի ծանր արժենալ Հայաստանին, հնարավոր է, որ ինքը սրի և ամեն ինչ անի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում այդ ագրեսիան կասեցնի, որ անվտանգության խնդիրները լուծվեն:
Քաղաքագետը պատերազմը հիմա ավելի հավանական է համարում, քան ապրիլի սկզբին. «Մի ժամանակահատված է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան ուշադրություն չեն դարձնում այստեղ տեղի ունեցող զարգացումներին, և դա միջազգային զսպման մեխանիզմը կասեցրել է, այսինքն՝ եթե նախկինում պատերազմը զսպվում էր ուժերի հավասարակշռության և միջազգային համագործակցության պայմաններում, հիմա Ռուսաստան – ԱՄՆ համագործակցությունը չկա, և զսպող մեխանիզմներից մեկը փաստացի չի աշխատում այլևս»:
Անդրադառնալով հարցին, թե ղարաբաղյան հարթակը հնարավո՞ր է Ռուսաստանն օգտագործի ԱՄՆ-ի հետ շփումների համար, քաղաքագետը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, բայց դա շատ նեղ միջանցք է՝ լուծելու համար այն խնդիրները, որ կան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:
Հարցին՝ Քերիի հայտարարությունը կարելի՞ է բնութագրել որպես պարտադրանք՝ ճանաչելու ստատուս քվոն, Հ. Մելիք-Շահնազարյանը պատասխանեց՝ այդպիսի նոտաներ են նկատվում:
«Ժամանակին նախագահ Ս. Սարգսյանն ասաց. «Համարենք Ադրբեջանն անհատակ ճահիճ է…». սա է այն իրականությունը, որին պետք է պատրաստվենք: Հատկապես նորանշանակ պաշտպանության նախարարի հայտարարությունից՝ այն մասին, որ անցնում ենք ազգ-բանակ գաղափարի իրականացման, կարելի է ենթադրել, որ Հայաստանը պատրաստվում է երկարատև հակամարտության: Սա նշաակում է, որ լուծման քաղաքակիրթ ճանապարհներ, ցավոք, այլևս չենք տեսնում, քանի որ հստակ ազդակներ ենք ստանում Ադրբեջանից»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































