Habertürk-ի փոխանցմամբ՝ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Կառլ Լամերսը գլխավորել է Գերմանիայի խորհրդարանի պատվիրակությունը, որը ժամանել է Թուրքիա՝ այցելելու համար երկրի հարավ-արևելքում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազա, որտեղ գտնվում են նաև Բունդեսվերի ներկայացուցիչները:
Լամերսը Թուրքիայում հայտարարել է. «Թուրք ժողովուրդն ու պետությունը Գերմանիայից ակնկալել են ավելի բաց ու վճռական աջակցություն հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հարցում: Թուրքիա կատարած այցի ընթացքում մենք զգացինք թուրքական կողմի վիրավորական դիրքորոշումը»:
Լամերսը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Գերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել են Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման գործողությունները, իսկ Գերմանիայի դեսպանը՝ որպես համերաշխության նշան, այցելել է Թուրքիայի խորհրդարանի շենք, որը ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ենթարկվել էր ռմբակոծությունների:
Լամերսի խոսքով՝ Գերմանիայի խորհրդարանի անդամները նույնպես այցելել են Թուրքիայի խորհրդարան և բանակցություններ վարել իրենց թուրք գործընկերների հետ և նրանց հրավիրել են պատասխան այց կատարել Գերմանիա:









































