Այսօր Հայաստանը և Եվրամիությունն Ասոցացման համաձայնագրի շրջանակներում հաջող կերպով ավարտել են բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի շուրջ՝ հաղորդում է Եվրահանձնաժողովի կայքը:
Բանակցությունների վերջին՝ յոթերորդ փուլի ժամանակ, որը կայացել է Երևանում, կողմերը համաձայնություն են ձեռք բերել պայմանագրի առանցքային տարրերի շուրջ, որը նոր հիմք կստեղծի Հայաստանի և Եվրամիության միջև առևտրային հարաբերությունների համար:
Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը կամրապնդի Հայաստանի տնտեսական ինտեգրումը ԵՄ, բացի այդ՝ այն Հայաստանին հնարավորություն կընձեռի արդիականացնել առևտրական հարաբերությունները: Այդ բարեփոխումները պայմաններ կստեղծեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը համապատասխանի ԵՄ չափորոշիչներին: