Հայաստանի հանրությունը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում իշխանության ներսում, ինչով, որտեղից, ինչ նպատակով են թելադրված ներիշխանական վերադասավորումները, կառավարության փոփոխությունը, այլ կադրային նշանակումները և վերանշանակումները: Մի բան ակնհայտ է, որ հասարակությունն այդ ամենի վրա չունի էական ազդեցություն կամ գործնականում ընդհանրապես ազդեցություն չունի: Որովհետև չունի ազդեցության մեխանիզմներ:
Եվ այս իմաստով, որքան էլ գրավիչ ու ինտրիգային են ներիշխանական գործընթացները՝ զուտ տեսարանային իմաստով, այդուհանդերձ պակաս կարևոր չէ, թե ինչ է կատարվում հակառակ դաշտում, որը կարող ենք անվանել հանրային մեխանիզմների դաշտ կամ, այսպես ասած, ընդդիմություն: Իշխանությունն ակտիվորեն վերադասավորվում է խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, իսկ ինչ է կատարվում այդ ընթացքում ընդդիմադիր դաշտում:
Այստեղ ակնհայտ է, որ զարգացումները կրում են շատ ավելի անկազմակերպ, որոշակիորեն քաոտիկ, տարերային բնույթ: Այստեղ նկատելիորեն հասունանում է ներընդդիմադիր դիմակայությունը տարբեր կուսակցությունների միջև, որը ամենայն հավանականությամբ իր գագաթնակետին կհասնի խորհրդարանական ընտրությունների շեմին:
Համընդհանուր կարծիք կա, կամ գերիշխող, որ այս իրավիճակը ձեռնտու է իշխանություններին, որոնք էլ կշահեն խորհրդարանական ընտրության գործընթացում՝ օգտվելով այն բանից, որ ընդդիմադիր ուժերը կպայքարեն միմյանց դեմ, կվնասեն միմյանց: Սակայն, չնայած այս կարծիքին, ընդդիադիր դաշտում կարծեք թե փակ է ընդդիմության միավորման կամ համախմբման թեման: Բայց միայն առաջին հայացքից է թվում, որ սա հասարակական քաղաքական դաշտում առկա բացթողում է, որից օգտվելու են իշխանությունները: Իշխանությունները կարող են օգտվել, սակայն սա այն վիճակն է, որից կարող է օգտվել նաև հասարակությունը: Առաջին հայացքից սա թվում է տարօրինակ, քանի որ հասարակությունը պետք է որ օգտվի միասնական ընդդիմությունից: Սակայն, խորքային առումով, որևէ հեռանկար գնահատելիս պետք է առաջնորդվել ոչ թե չոր տեսություններով կամ բարի ցանկություններով և տրաֆարետներով, այլ իրականությունը հաշվի առնելով:
Եվ հաշվի առնելով հայաստանյան իրականությունը՝ միարժեքորեն հնարավոր է եզրակացնել, որ ընդդիմության միասնականություն կամ համախմբում հասկացությունները իրականում հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկող, ծուղակը գցող հասկացություններ են, քանի որ գործնականում բոլոր դեպքերում պարզվում է, որ միասնական կամ համախմբված թվացող ընդդիմությունն իրականում այդքան էլ միասնական ու համախմբված չէ: Հետևաբար, եթե այդ հարցն ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, և հասարակությունը սկսի ընդդիմադիր ուժերի գործունեությունը չափել և գնահատել այլ հատկանիշներով, քան այն, թե ով է ավելի շատ խոսում միասնականությունից և երդվում համախմբվածության անունով, ընդդիմադիր դաշտում քաղաքական գործընթացները կշարժվեն թերևս ավելի ռացիոնալ հունով, և առավել կբարձրանա ընդդիմադիր գործունեության որակական նշաձողը, ինչը կարող է միմիայն աշխատել հասարակության օգտին: Եվ ոչինչ, եթե դրանից կարճաժամկետ հատվածում կարող է օգտվել նաև իշխանությունը: Որովհետև ի տարբերություն հակառակ իրավիճակի, երբ ձևավորվում են իբր միասնական ֆորմատներ, բայց հետո դրանցից մնում է միայն ամոթի և խայտառակության հետքը, այս դեպքում շահողը ոչ միայն իշխանությունն է, այլև հասարակությունը:
Ընդդիմադիր տիրույթում կամ, այսպես ասած, իրավիճակի վրա հանրային մեխանիզմների դաշտում իրավիճակն այժմ գտնվում է երկու մոտեցումների միջակայքում, միջանկյալ, կախված մի վիճակում՝ հրաժարվե՞լ մեկընդմիշտ կեղծ ու արհեստական, առկա իրականության հետ բացարձակապես անհամատեղելի և անվստահելի միասնականության և համախմբվածության կոչերից և ձեռնամուխ լինել ընդդիմադիր դաշտում բաց և ազնիվ մրցակցության, թե՞ հավատարիմ մնալ ավանդույթներին և խաղալ մանիպուլյացիայի կանոններով:
Ըստ երևույթին՝ այս տարբերակումը պետք է լինի Հայաստանում նոր և հին ընդդիմադիր դաշտերի սահմանագիծը և Հայաստանում նոր որակի ընդդիմադիր գործունեության որոշակի չափորոշիչը: Այդ մասին առիթ եղել է խոսել և գրել բազմիցս, նաև անցնող տարիների ընթացքում: Ընդդիմադիր ուժերի միասնականության հենքը կարող է լինել այլընտրանքային քաղաքական մրցակցային միջավայրի ձևավորումը, մրցակցային կանոնների սահմանումն ու մրցակցային գործունեությունը՝ ցույց տալով քաղաքական պայքարի մշակույթի օրինակ և դրանով իսկ ձևավորելով հասարակական վստահության անհրաժեշտ շերտերից մեկը:
Սրանից սկզբունքորեն կշահեն բոլոր կենսունակ քաղաքական ուժերը: Այս տեսանկյունից, կրկին թող տարօրինակ չհնչի, սակայն ռացիոնալությունը երևի թե պահանջում է, որ եթե իշխանությունը պատրաստվում է հերթական ընտրությանը, ապա ընդդիմադիր ուժերը ռացիոնալության համատեքստում պետք է պատրաստվեն ոչ թե ընտրության, հասարակության առաջ քաղաքական այլընտրանքային ասպարեզի ձևավորման, որի շրջանակում իհարկե որպես դրվագ կարող են ներգրավվել նաև համապետական ընտրական պրոցեսին, բայց արդեն առանց հաղթական մանիպուլյացիոն մարտակոչերի, այլ սառը և ազնիվ դատողությամբ, քանի դեռ հասունացրած չէ հաղթանակի ռացիոնալ նախադրյալը ներընդդիմադիր բաց, հավասար և թափանցիկ մրցակցության արդյունքում:










































