Թուրքական Evrensel թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հանդիպել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ:
Դեմիրթաշի գլխավորած պատվիրակությունը քառօրյա այցով անցած գիշեր ժամանել է ինքնավարության կենտրոն Էրբիլ: Դեմիրթաշից բացի՝ պատվիրակության կազմում ընդգրկվել են ԺԴԿ-ական մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը:
Դեմիրթաշն ու Բարզանին քննարկել են քրդերի շրջանում միասնությանն աջակցելու հարցը և, մասնավորապես, քրդական քաղաքական կուսակցությունների միջև հարաբերությունների ամրապնդումը:
Կողմերը քննարկել են նաև Թուրքիայի քրդաբնակ նահանգների վերջին իրադարձությունները, ընդգծվել է, որ ներկա դրությամբ Քրդստանի բոլոր չորս մասերն էլ մեծ սպառնալիքի տակ են, ուստի նրանք պետք է գան ընդհանուր համաձայնության, որն էլ կծառայի քուրդ ժողովրդի շահերին:
Դեմիրթաշի խոսքով՝ Բարզանին Քրդստանի բոլոր չորս մասերի ազգային միասնության խորհրդանիշն է: Չի բացառվում, որ Դեմիրթաշի այցի արդյունքներով Բարզանին նախաձեռնի PKK-ի ու Թուրքիայի միջև հաշտեցման գործընթաց՝ խաղաղ գործընթացի վերսկսման հույսով:









































