«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն որակազրկվել է 3 խաղով: Ֆուտբոլիստը պատժվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Վեսթ Հեմ»-ի դեմ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար:
Արգենտինացին մեղադրվել է ոչ մարզական դրսևորումների մեջ: Ագուերոն արմունկով հարվածել է հակառակորդի պաշտպանին: Մրցավարները դրվագը չեն նկատել, սակայն այն ֆիքսել են տեսախցիկները:
Սեպտեմբերի 2-ին հարցը քննարկվել է Անգլիայի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեի նիստում: Ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել:
Այդպիսով, Ագուերոն բաց կթողնի մանչեսթերյան դերբին, չի մասնակցի «Բորնմուտ»-ի և «Սուոնսի»-ի դեմ խաղերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «քաղաքայիններ»-ը որոշել էին բողոքարկել որոշումը, եթե Ագուերոյի նկատմամբ որպես պատժամիջոց որակազրկում կիրառվեր:









































