Ֆուտբոլի իրլանդացի վետերան Ռոբի Քինը հուսով է, որ Գարեթ Բեյլը կմնա «Տոտենհեմ»-ում ևս մեկ մրցաշրջան:
«Գարեթ Բեյլը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Խաղացել եմ նրա հետ նույն թիմում և գիտեմ, որ Գարեթը հիանալի խաղ կցուցադրի ցանկացած ակումբում: Նա հավասարակշռված է և աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է ներկայումս»,- ասել է Քինը Talksport-ին տված հարցազրույցում:
«Կցանկանայի տեսնել Բեյլին «Տոտենհեմ»-ում ևս մեկ մրցաշրջան: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի նման, նա նույնպես կցանկանա փորձել ուժերը աշխարհի լավագույն ֆուտբոլիստների դեմ մրցապայքարում»,- հավելել է Քինը:
Հիշեցնենք, որ 33-ամյա իրլանդացին Բեյլի հետ հանդես է եկել «Տոտենհեմ»-ի կազմում 2009-2011 թվականներին: Նշված ժամանակահատվածում հարձակվողը 41 հանդիպում է անցկացրել և 11 գոլ հեղինակել:







































