Պռոշյանի գյուղապետի թեկնածու, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ–ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով իր նախընտրական ծրագրերից, ասաց, որ առաջնահերթությունը տվել է դպրոցի խնդիրը լուծելուն և ընտրվելու դեպքում այն անպայման կյանքի կկոչի. «Մի դպրոցում, որը նախատեսված է 350 աշակերտի համար, սովորում է 700-ից ավել աշակերտ և՝ երեք հերթով: Շատ դժվար է նման պայմաններում ուսումնական նորմալ գործընթաց ապահովել»:
Թեկնածուն նշեց նաև գյուղի վթարային բազմաբնակարան շենքերի հարցը, ոռոգման և տրանսպորտի խնդիրները: Նրա համոզմամբ՝ ինքը կարող է լուծել համայնքի խնդիրները, որովհետև իրեն ժողովուրդն է խնդրել, որ առաջադրվի: Մեր այն հարցին, թե իր կարծիքով՝ ով կհաղթի ընտրություններում, թեկանծուն պատասխանեց. «Պռոշյանի ընտրություններում ես եմ հաղթելու, որովհետև ժողովուրդը իմ կողքին է: Ասում են՝ թեժ մրցակցություն է դաշնակների և ՀՀԿ-ականների միջև, բա ե՞ս ուր մնացի: Իմ կողքին ժողովուրդն է»։
Ալեքսան Ալեքսանյանի խոսքերով, եթե անգամ ինքը չընտրվի, թույլ կտա որ ընտրված գյուղապետը ցանկության դեպքում իր ծրագրից օգտվի:
Նշենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երեք ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ–ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանն ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց սպանվել է հրազենից:








































