Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհանին հայտարարել է, որ բարձրաձայնելով իրանական Համադան ավիաբազան Սիրիայի ուղղությամբ մարտաթռիչքներ իրականացնելու համար օգտագործելու հանգամանքը՝ Ռուսաստանը «ոչ ջենտլմենական» քայլ է կատարել և ցուցամոլությամբ փորձել է գերտերություն երևալ: Իրանի այս հայտարարությունը պարզապես ջուր է լցնում այն կանխատեսումների վրա, թե իրանական ավիաբազայի օգտագործումն ըստ էության նշանակում է Արևմուտքի դեմ ռուս-իրանական դաշինքի ձևավորում:
Մենք առիթ ունեցել ենք մեր հրապարակումներում անդրադառնալու այն հանգամանքին, որ նման դաշինքը բացառվում է ապրիորի, քանի որ լիովին տարբեր են Ռուսաստանի և Իրանի շահերը, ռազմավարական հետաքրքրությունները:
Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որը դիվանագիտական շրջանակների մեջ չափազանց կոշտ հայտարարություն է, ըստ էության գալիս է վկայելու այդ իրողությունը: Սա միաժամանակ հերթական անգամ անուղղակիորեն բացահայտում է նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հայ-իրանական հարաբերությունների խնդիրը:
Ռուսաստանն անկարող եղավ Իրանի հետ համատեղ գործընկերություն իրականացնել մի ավիաբազայի հարցում: Կարելի է պատկերացնել մի ամբողջ պետության հարցում համագործակցելու անհնարինությունը, երբ ակնհայտ է, որ Հայաստանի պարագայում Իրանի և Ռուսաստանի գործոնները տրամագծորեն հակադիր են միմյանց:
Հայ-իրանական հարաբերության որևէ ռազմավարական խորացում նշանակելու է մարտահրավեր Ռուսաստանի ռազմավարությանը: Եվ քանի որ Հայաստանն ամբողջությամբ խորացել կամ խրվել է այդ մարտավարության ծիր, հայ-իրանական հարաբերության ռազմավարական զարգացումը գործնականում դառնում է անհնարին, ըստ էության «ոչ ջենտլմենության» ենթակա:
Սա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունը, նաև իշխանական և ռուսական քաղաքականության մի շարք քարոզչական ստորաբաժանումներ փորձում են Հայաստան-Իրան հարաբերությունները ներկայացնել որպես դեպի Ռուսաստան շարունակություն ունեցող հեռանկարներ: Սա այն դեպքում, երբ դեպի Ռուսաստան հայ-իրանական ռազմավարական հարաբերությունը ոչ թե կարող է շարունակվել, այլ պարզապես ավարտվում է: Ավիաբազայի շուրջ ռուս-իրանական «երկխոսությունը» դառնում է ընդամենը այդ կեղծ իրականության հերթական բացահայտումը՝ Հայաստանի համար առավել ընդգծելով նմանօրինակ «հեռանկարների» իրական բնույթը՝ այդպիսի հեռանկարի մասին ցանկացած խոսակցություն ընդամենը խոսակցություն է հայ-իրանական հարաբերության տորպեդահարման մասին:
Այդ հարաբերության ծիրում Ռուսաստանի որևէ առկայություն նշանակելու է վաղ թե ուշ դրա արգելակում: Հայ-իրանական հարաբերությունները ունեն սրա մի շարք ապացույցներ՝ սկսած տարանցիկ հնարավորություններից զրկված գազամուղից, մինչև նավթամթերքի խողովակաշարի, նավթավերամշակման գործարանի, երկաթուղու ծրագրերը: Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանի ու տարածաշրջանի համար Հայաստան-Իրան ռազմավարական հեռանկարները ունեն ըստ էության հեղափոխական նշանակություն ոչ միայն տնտեսական և քաղաքական, այլ նաև անվտանգության առումով:
Ըստ էության, Հայաստան-Իրան հարաբերությունները Կովկասով անցնող նոր աշխարհակարգի արյունատար առանցքային անոթն է, որը ներկայումս խցանված է Ռուսաստանի գերտերություն լինելու հավակնություններով և բարդույթներով:









































