Ռիոյի 2016թ․ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով ստուգատեսը։ Հիշեցնենք, որ Միհրանը բացահայտ կողմնակալ մրցավարության պայմաններում եզրափակչում զրկվեց ոսկե մեդալից, որը բաժին հասավ սերբ Դավոր Շտեֆանեկին։
«Թիմակցիս՝ Արթուր Ալեքսանյանին, շնորհավորում եմ ոսկե մեդալի կապակցությամբ։ Նա արժանի էր այդ հաղթանակին։ Շնորհավորում եմ նաև մեր ծանրորդներին՝ Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին, արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ։
Դահլիճում չհնչեց Հայաստանի հիմնը։ Բայց պետք չէ վիրավորել սերբ Դավոր Ստեֆանեկին։ Նա վատ ըմբիշ չէ, լավ պաշտպանվում էր։ Եվ ընդհանրապես, մենք հիմա մեկ ամբողջություն ենք։ Ամեն առավոտ մեդալին նայելով՝ Ստեֆանեկը հիշելու է ինձ, քանի որ այն ինձ է պատկանում»,- գրել է Միհրանը՝ հրապարակելով ստորև ներկայացված լուսանկարը։










































