Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անուշավան Մաճկալյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Անուշավան Մաճկալյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:
Դատական ակտի համաձայն՝ 24-ամյա Անուշավանը 2012 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 22-ի սահմաններում ոգելից խմիչքի ազդեցության տակ Տավուշի մարզի գյուղերից մեկի հանդամասում, օգտվելով այդ գյուղի բնակչուհի, 14 տարին չբոլորած՝ 1999 թվականի ապրիլի 21-ին ծնված աղջկա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Անուշավան Մաճկալյանը մեղավոր է ճանաչվել անչափահասի բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով:
Անուշավանը պայմանագրային զինծառայող էր, ծառայության ընթացքում մեկ անգամ արդեն խախտել էր զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ծեծել մի զինծառայողի, ինչի համար Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2012 թվականի հունվարի 25-ին դատապարտվել էր 3 ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելու:
Անուշավանը վերաքննիչ բողոք էր բերել ու խնդրել, որ պատիժը պայմանականորեն չկիրառվի, նշանակվի փորձաշրջան:
Իր բողոքում նա նշել էր, թե երիտասարդ է, բնութագրվում է դրական, զղջացել է կատարածի համար, խնամքին ունի երկու մանկահասակ երեխա ու չաշխատող կին… Նոյեմբերյանի քաղաքապետարանի կողմից Մաճկալյանը բնութագրվել է դրական, քաղաքապետարանը մինչև անգամ միջնորդել է նրա նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժ…
Անուշավանը վերաքննիչ բողոքում ընդգծել էր, թե իր երկրորդ երեխան ծնվել է 2012 թվականի հունվարի 18-ին, իր կողմից թեկուզ կարճաժամկետ պատժի կրումը կարող է ընտանիքը դնել ծանր կացության մեջ:
Վերաքննիչ քրեական դատարանը 2012 թվականի մարտի 20-ին բավարարել է ամբաստանյալ Մաճկալյանի բողոքը, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, նշանակել 1 տարի փորձաշրջան:
Եվ ստացվել է այնպես, որ Անուշավան Մաճկալյանը, գտնվելով փորձաշրջանի մեջ, 2012 թվականի օգոստոսի 31-ին կալանքի տակ է առնվել 13 տարեկան աղջկա բռնաբարության համար:
Անուշավանը վերջին ամիսներին ընտանիքի հետ բնակվել է Տավուշի մարզի գյուղերից մեկում:
Տուժող աղջկա ընտանիքի հետ շփվել է մոտ մեկուկես տարի, ընկերություն է արել ընտանիքի ավագ աղջկա հետ: Նա հաստատապես իմացել է, որ ընտանիքի կրտսեր աղջիկը տասներեք տարեկան է:
Աղջկա մոր ցուցմունքով՝ 2012 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 16-ի սահմաններում Անուշավանը գնացել է նրանց տուն, հետը օղի է տարել: Ճաշել են: Անուշավանը խմել է 4-5 բաժակ օղի:
Ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Անուշավանի և ընտանիքի հոր ծխախոտը վերջացել է: Անուշավանը զանգել է տաքսու մի վարորդի, խնդրել, որ գյուղի մոտով անցնելիս իր համար ծխախոտ բերի:
Մոտ տասը րոպե անց Անուշավանը պատրաստվել է գնալ ծխախոտը վերցնելու: Չի ցանկացել մենակ դուրս գալ, հարցրել է՝ ո՞վ իրեն կընկերակցի:
Ընկերակից է դարձել տան կրտսեր աղջիկը:
Ընտանիքում թույլատրելի է համարվել, որ 13 տարեկան աղջիկը ժամը 22-ին խմած երիտասարդին ուղեկցի, հանդերով նրա հետ գնա դեպի ասֆալտապատ ճանապարհը, ինչ է թե՝ երիտասարդը ինչ-որ վարորդից ծխախոտ պիտի վերցնի…
Երբ որոշակի ժամանակ է անցել, և աղջիկն ու հյուրը չեն վերադարձել, աղջկա ավագ քույրն անհանգստացել ու գնացել է նրանց հետևից:
Նրա ասելով՝ երբ տնից մի քիչ հեռացել է, լսել է Անուշավանի ու քրոջ ձայները: Քույրը բարձր ձայնով ասել է՝ մի արա, պետք չի:
Ավագ քույրը հեռախոսով լուսավորել ու տեսել է կրտսեր քրոջը՝ պառկած, Անուշավանին՝ առանց տաբատի ու վարտիքի…
Ավագ քույրը ապտակել է Անուշավանին, արտասվող քրոջը:
Անուշավանը քույրերի հետևից գնացել է նրանց տուն: Ավագ քույրը տանն ասել է, որ Անուշավանը բռնաբարել է քրոջը: Անուշավանը ինչ-որ բացատրություններ է տվել ու հեռացել:
Մայրն ու ավագ քույրը ստուգել են տուժողի սպիտակեղենը, տեսել որոշակի հետքեր: Ավագ քույրը գնացել է ոստիկանության բաժին ու հանցագործության կատարման մասին հաղորդում տվել:
Ըստ քրեական գործի՝ տուժողը դպրոց չի գնացել: Նա չափավոր մտավոր հետամնացություն ունի: Ըստ հարազատների՝ բռնաբարությունից հետո աղջկա վիճակը վատացել է:
Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված է, խախտումը նոր է:
Փորձագետի ցուցմունքի համաձայն՝ տուժողի օրգաններում սերմնահեղուկի առկայություն չի հավաստվել, քանի որ չի հայտնաբերվել: Կուսաթաղանթի ամբողջականությունը, ըստ մասնագետի, կարող է խախտվել նաև առանց սերմնահեղուկի առկայության:
Անուշավանի մարմնին՝ դաստակների, պարանոցի, աջ ուսագոտու շրջանում, արձանագրվել են ճանկռվածքներ:
Տուժողի սպիտակեղենի վրա հաստատվել է արյան առկայություն:
Ըստ մասնագիտական եզրակացության՝ տուժող աղջկան բնորոշ են հոգեկան զարգացման հապաղում, դյուրահավատություն, ներշնչվողականություն, միջանձնային հարաբերություններում ճիշտ կողմնորոշվելու և գնահատելու դժվարություններ: «Առկա է մանկավարժական բարձիթողություն»: Տուժողը, ելնելով իր անհատական-հոգեբանական առանձնահատկություններից, հոգեկան վիճակից և իրադրությունից, հնարավոր դիմադրություն է ցույց տվել՝ գոռացել է, ձեռքերով խփել Մաճկալյանին:
Անուշավան Մաճկալյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց: Նախաքննության ընթացքում նա նկարագրել է՝ ինչպես է գնացել տուժողի տուն, հյուրասիրվել, ալկոհոլ օգտագործել, հետո երեխայի հետ դուրս է եկել ծխախոտ վերցնելու:
Ըստ Անուշավանի՝ 13 տարեկան աղջիկն է սեռական հարաբերության նախաձեռնողը եղել, նա չի դիմադրել, ասել է՝ լավ է…
Ինքը գնացել է նրանց տուն, ասել, որ աղջկա կամքին հակառակ ոչինչ չի արել, հետո իր տուն է գնացել, իսկ գիշերը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Անուշավան Մաճկալյանին մեղավոր է ճանաչել անչափահաս աղջկա բռնաբարության համար և վերջին հաշվով նրան դատապարտել է 8 տարի 9 ամիս ազատազրկման:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Մաճկալյանը: Նա պնդել է, թե բռնաբարություն չի կատարել, ինքն անմեղ է, ու խնդրել է, որ վերաքննիչ քրեական դատարանը բեկանի ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճիռը, իր նկատմամբ կայացնի արդարացման դատավճիռ, մեղսագրված արարքում ճանաչի ու հռչակի իր անմեղությունը:
Նախօրեին դատական նիստին Անուշավան Մաճկալյանը միջնորդեց իր շահերի պաշտպանության համար հանրային պաշտպան ներգրավել:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 18-ին:









































