Բրիտանական ռադիոհեռարձակող BBC ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ջորջ Էնտուիսլը 802 հազար ֆունտ (մոտ 1.2 մլն դոլար) է ստացել որպես փոխհատուցում իր պաշտոնից ինքնակամ հեռանալու համար: Նա պաշտոնավարել էր ընդամենը երկու ամիս: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով մեդիահսկայի ներկայիս ղեկավարությանը:
Ռեկորդային վճարման մասին որոշումը կայացրել է ընկերության Հոգաբարձուների խորհուրդը՝ նախագահ լորդ Քրիս Պատենի գլխավորությամբ: Այդ գումարի մեջ է մտնում մինչև հաջորդ տարվա վերջ նրա աշխատավարձը՝ հավելավճարներով:
Փոխհատուցման վիթխարի գումարի սահմանումն առաջացրել է տեղի մամուլի և մի շարք պաշտոնատար անձանց քննադատությունը:
Ազգային աուդիտորական ծառայությունն այդ քայլն անվանել է կորպորացիայի քաղաքականության խախտում: Բանն այն է, որ ընկերությունը ֆինանսավորվում է տարեկան յուրաքանչյուր բրիտանական ընտանիքից գանձվող 225 դոլարով:
50-ամյա Էնտուիսլը ընկերությունը ղեկավարել է 54 օր, ինչը ինքնատիպ հակառեկորդ է BBC-ի 90-ամյա պատմության մեջ: Նա ստիպված էր պաշտոնը լքել բազմաթիվ խմբագրական սկանդալների պատճառով:








































