Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Համագործակցության շանհայական կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) չպետք է վերածվեն «ամորֆ» կազմակերպությունների: Այս մասին նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մեր առաջադրանքն է, որ Համագործակցության շանհայական կազմակերպությունը չդառնա ամորֆ, թղթե, բյուրոկրատական այնպիսի կազմակերպություն, ինչպիսին հիմա Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան է կամ Հարավասիական պետությունների համագործակցությունը… Չվերածվի այնպիսի կազմակերպության, ինչպիսին ժամանակին ԱՊՀ-ն դարձավ… Հիմա շատ կարևոր փուլ է, մենք Տաշքենդում նոր անդամների կընդունենք՝ Հնդկաստանին և Պակիստանին, կքննարկենք Իրանի անդամակցության պայմանները»,- ասել է նա:
Նա նշել է որ «Համագործակցության շանհայական կազմակերպությունը եվրասիական տիրույթում շատ կարևոր կազմակերպություն է»:
«Երբ ես խոսում եմ ԵԱՏՄ-ի մասին, դրա համար ևս շատ մտահոգվում եմ»,- հավելել է Նազարբաևը:









































