«Երեխաս սպանված էր ծեծից, յոթ հոգով ծեծել են աֆիցեռի գլխավորությամբ, էրեխես մեռած էր, վրան գիտակցություն չկար, դեմքը կապտած էր, ուռած; ականջը գլխից կախված, ձեռքերի վրա սիգարետով այրված հետքեր… », հոսպիտալում որդուն առաջին այցելությունից հետո մեզ փոխանցել էր հիմա արդեն հանգուցյալ, նախկին զինծառայող Ժորա Մկրտչյանի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը:
Jfhr.am-ի փոխանցմամբ՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննելու է արդեն նախկին զինծառայող Ժորա Մկրտչյանի հոր`Մկրտիչ Մկրտչյանի ներկայացուցչի բողոքը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2012թ. դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկելու բաց թողնված ժամկետը վերականգնելու` նույն դատարանի մայիսի 5-ին կայացրած մերժման որոշման դեմ:
Փաստաբան Մոնիկա Մարգարյանը վերաքննիչ դատարանից խնդրում է բավարարել վերաքննիչ բողոքը, վերացնել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերականգնելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2012թ. դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկելու տուժողի բաց թողած ժամկետը:
ԼՂՀ Եղնիկներ զորամասում զինվորական ծառայությունն անցած շարքային զինծառայող Ժորա Մկրտչյանը ծառայակիցների կողմից պարբերաբար և առանձին դաժանությամբ ենթարկվել էր ծեծի, խոշտանգումների ու նվաստացման, ինչի հետևանքով ստացել էր մարմնական վնասվածքներ ու հոգեկան խեղում և առողջական վիճակի պատճառով ծառայությունից արձակվելուց մոտ մեկ տարի անց` 11.11.2012 թ-ին մահացել է:
Ժորա Մկրտչյանին բռնությունների ենթարկելու փաստի առթիվ 05.10.2011 թ.-ին հարուցված քրեական գործով կատարված հանցավոր արարքները ճիշտ չեն որակվել, նախաքննությունը և դատաքննությունը կատարվել է ոչ պատշաճ կերպով, ինչի հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2012 թ-ի դատավճռով մեղավորներին նկատմամբ ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված նորմերի պահանջների կոպիտ խախտումներով նշանակվել են չափազանց մեղմ պատիժներ:
Քրեական գործով ձեռքբերված դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննության եզրակացության համաձայն, դեպքից հետո Ժ. Մկրտչյանի մոտ զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում` «Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենիային ախտանիշներով /ռեակտիվ փսիխոզ/ սահմանային մտավոր հետամնաց անձի մոտ» ձևով, ինչը պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում գործով մեղադրյալների հակաիրավական գործողությունների հետ:
Առողջական այս վիճակը զինծառայողին զրկել է քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները ճիշտ ընկալելու, ըմբռնելու, վերարտադրելու և ճիշտ ցուցմունքներ տալու հնարավորությունից: Նա չի կարողացել մասնակցել քրեական գործի քննությանը, իսկ հետագայում առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով զրկված է եղել իր իրավունքները արդյունավետ իրացնելու հնարավորությունից:
«Տուժողը հարգելի պատճառներով բաց է թողել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկելու մեկամսյա ժամկետը, իսկ 11.11.2012 թ-ին Ժորա Մկրտչյանը մահացել է”, վերաքննիչ բողոքում նշել է փաստաբանը:
Փաստաբանի գնահատմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի(դատավոր Լեռնիկ Աթանյան) որոշումն անհիմն է և չպատճառաբանված, բացակայում են իրավական վերլուծությունները:
«Դատարանը որոշման հիմքում դրել է տուժողի դիմումը, ինչն ըստ քրեական դատավարության օրենսգրքի սահմանման ապացույց չի կարող համարվել` բացակայում է տուժողի դիմում հասկացությունը, ուստի դրա բովանդակությունը չի կարող որևէ իրավական հետևանք առաջացնել կողմի համար, առավել ևս զրկել նրան իր իրավունքները վերականգնելու հնարավորությունից», ասված է վերաքննիչ բողոքում:
Դատարանը անտեսել է տուժողի առողջական վիճակը, այն, որ տուժողը զրկված է քրեական գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները ճիշտ ընկալելու հնարավորությունից: Դատարանի այսպիսի դիրքորոշումը փաստաբանը գնահատել է կանխակալ:
Տուժողը վերը հիշատակված դիմումում որևէ կարծիք չի արտահայտել ամբաստանյալներին մեղսագրվող արարքների քրեաիրավական որակման վերաբերյալ, մինչդեռ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 20.05.2013 թ-ին քննելով թիվ ՍԴ3/0054/01/12 գործը` ամբաստանյալների արարքները ճիշտ չի որակել:
Վերաքննիչ բողոքում փաստաբանն արձանագրում է Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, որն ամրագրում է. անկախ հանգամանքներից կամ տուժողի վարքագծից, կտրականապես արգելում է խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը:
Միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի վատ վերաբերմունքը լինի պատշաճորեն որակված: Վատ վերաբերմունքի զոհն իրավունք ունի ստանալու համապատասխան փոխհատուցում նյութական և ոչ նյութական վնասի համար: Եվ վերջապես, միջազգային չափանիշները դեմ են այն անձանց նկատմամբ համաներումներին կամ ներումներին, ովքեր պատժվել են վատ վերաբերմունքի համար:
Մինչդեռ Ժ.Մկրտչյանի նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքը, որը տեղի է ունեցել զինվորական ծառայության ընթացքում, այսինքն Պետության իրավազորության ներքո, որի համար Պետությունը նեգատիվ պարտավորություն է կրում, պատշաճ չի որակվել, արդյունավետ քննություն այդ կապակցությամբ չի կատարվել և համապատասխան պատիժներ չեն նշանակվել:
Այսինքն, Պետությունը խախտել է նաև իր պոզիտիվ պարտականությունը: Ավելին, ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել, որպիսի հանգամանքը հակասում է Եվրոպական Դատարանի սահմանած չափանիշներին:
«Անդրադանալով տուժողի առողջական խնդիրներին, որոնք թույլ չեն տվել նրան արդյունավետ պաշտպանել իր իրավունքները, իսկ հետագայում էլ բողոքարկել դատավճիռը` հարկ եմ համարում նշել, որ այդ հանգամանքը հաստատվում է քրեական գործում առկա փորձաքննությունների եզրակացություններով, որոնցով ախտորոշվել են տուժողի հիվանդությունները, մասնավորապես ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունը, իսկ առողջության հետագա կտրուկ վատթարացումը հաստատվում է տուժողի մահվան մասին բժշկական վկայականով», վկայակոչելով գործի փաստացի հանգամանքները բողոքում նշել է փաստաբանը:
Պետությունը Եվրոպական Կոնվենցիայի 3 հոդվածի դատավարական բաղադրիչը ապահովելու համար, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 18 և Եվրոպական Կոնվենցիայի 13 հոդվածների պահանջները, պարտավոր է հանգուցյալի հարազատների համար դատավարական երաշխիքներ ապահովել, որպեսզի վերջիններս ներգրավված լինեն քրեական գործի քննությանը:









































