Չեխիայում արդեն երրորդ օրը շարունակվող հորդառատ անձրևները առաջացրել են նոր ջրհեղեղի վտանգ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման զգուշացմամբ հանդես է եկել Չեխիայի հիդրօդերևութաբանական ինստիտուտը:
Առկա տեղեկատվության համաձայն՝ միայն երկուշաբթի հանրապետության տարածքի մի մասում տեղացել են մինչև 40 մմ տեղումներ, ինչի պատճառով բարձրացել է գետերի և լճերի ջրի մակարդակը:
16 բնակավայրերում հայտարարվել է առաջին աստիճանի վտանգ, իսկ Խրուդիմսկ և Նովոգրադկա քաղաքներում՝ երրորդ աստիճանի (ամենաբարձր):
Երկրի մայրաքաղաք Պրահայում այսօր ճգնաժամային շտաբում կազմակերպվել է նիստ, որի մասնակիցները փաստել են, որ մայրաքաղաքում ջրհեղեղի վտանգ չկա:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Չեխիայի տարածքի մեծ մասում տեղումները կշարունակվեն մինչև չորեքշաբթի երեկոյան:








































