Այսօր հայտնաբերվել է Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայի օրենսդիր ժողովի պատգամավոր Միցուո Կոիձումիի դին: Ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես ինքնասպանություն և դա կապում նրա բլոգում արված գրառման շուրջ ծագած սկանդալի հետ:
56-ամյա քաղաքական գործչի դին հայտնաբերել են նրա ծնողները՝ տնից ոչ հեռու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի մամուլին:
Մահից կարճ ժամանակ առաջ նա հարազատներին գանգատվել է ախորժակի բացակայությունից և ապատիայից:
Հունիսի սկզբին նա մտահոգություն էր հայտնել հիվանդանոցում իրեն ընդունելու առնչությամբ: Բժշկական ծառայությունների վճարման համար նրան կանչել էին հերթի համարով, այնուհետև՝ անունով: Նա նման վերաբերմունքն անվանել էր բանտային:
Նրան զայրացրել էր նաև այն, որ հիվանդանոցի աշխատողը նրան հրավիրել էր դրամարկղի պատուհանի մոտ՝ անձամբ դրա հետևից գալու և նման գումար վճարելու համար շնորհակալություն հայտնելու փոխարեն: Նա կարծում է, որ իրեն չպետք է ստիպեին վեր կենալ բազմոցից:
Նա հայտնել է, որ հիվանդանոցի անձնակազմի վարքից այնքան է վիրավորվել, որ հեռացել է՝ առանց վճարելու:
Գրառումը քննադատությունների ալիք է բարձրացրել: Նա ստիպված է եղել նույնիսկ մամլո ասուլիս հրավիրել և հրապարակավ ներողություն խնդրել նման վարքի համար: Նա վստահեցրել է, որ բուժման հաշիվն իր կողմից կվճարվի հենց հաջորդ օրը:









































