«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ որոշ վերլուծաբանների համաձայն, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումները` Հայաստանը այժմ երկընտրանքի առջև է կանգնել` ստիպված լինելով ընտրել Մաքսային միության և Եվրամիության միջև:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի համոզմամբ նույնպես` Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցվում են, բայց այդ ճնշումներն այնքան էլ ուժեղ չեն:
Քաղաքագետի կարծիքով` Ռուսաստանը չի փորձում կանխել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, պարզապես գործադրվող ճնշումների միջոցով Մոսկվան փորձում է թույլ չտալ Հայաստանին շատ հեռանալ Ռուսաստանից:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանի ճնշումը մեծ չի Հայաստանի վրա, քանի որ այս ձևի հարցերում` տնտեսական հարցերում Ռուսաստանի համար կարևոր է ճնշել Ուկրաինային: Իրենք ամեն ինչ անում են, որ Ուկրաինա՛ն չստորագրի ասոցիատիվ այդ համաձայնագիրը, քանի որ Ուկրաինան մեծ երկիր է, այնտեղ Ռուսաստանի շահերը շատ ու շատ մեծ են, Ուկրաինայի տնտեսությունը 50 միլիարդի կարգի է, և այլն, և այլն», – ասել է Գրիգորյանը` հավելելով. – «Ինչ եմ ուզում ասել` պնդում եմ, որ Հայաստանի վրա կա ճնշում, բայց այդ ճնշումը այդքան զգալի ու մեծ չի»:
Համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանը չի փորձում կանխել Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Ստեփան Գրիգորյանը շարունակելով. – «Ռուսաստանը ուղղակի փորձում է, փոքր այդ ճնշումը անելով, փորձում է, որ Հայաստանը շատ չհեռանա Ռուսաստանից: Հիշեցնեմ, որ կա ռազմական բազա, կա ռազմական համագործակցություն. այստեղ է, որ, այո, Ռուսաստանը չի հանդուրժի ոչ մի այլ քայլ Հայաստանի կողմից: Բայց Եվրամիության հետ առևտրի ոլորտի հարաբերությունները, տնտեսական ոլորտի` ինչո՞ւ պետք է Ռուսաստանը դեմ լինի»:
«Այսինքն, Դուք ասում եք, որ Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն, նրա համար գերխնդիր չէ դա», – այս հարցադրմանը քաղաքագետը արձագանքել է. – «Դա գերխնդիր չի, քանի որ մեր շուկան փոքր է, բացի դրանից` մենք ընդհանուր սահման չունենք, դա բան չի փոխի Ռուսաստանի համար»:
«Ես ինչքան հասկանում եմ` այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի մասին է խոսքը, ինքը դա հասկանում է: Հենց դա է պատճառը, որ հետևողական տանում է այն գործը, որը կոչվում է ասոցիատիվ պայմանագիրը: Այստեղ Հայաստանը, ինչքան ես հասկանում եմ, հետևողական շարունակում է իր աշխատանքը, ու շատ հավանական է, որ մինչև Վիլնյուսը այս նախաստորագրումը` ասոցիատիվ պայմանագրի, այնուամենայնիվ, ես կարծում եմ, կլինի», – ամփոփել է Ստեփան Գրիգորյանը:








































