Լիբանանի հարավում զոհվել են լիբանանյան բանակի յոթ զինվոր և երեք սպա, ևս 35-ը վիրավորվել են սալաֆի քարոզիչ շեյխ Ահմադ Ալ-Ասիրի գրոհայինների հետ բախման հետևանքով, որոնք կիրակի հարձակվել են Սայդա քաղաքի մոտ գտնվող բանակային հսկիչ անցակետի վրա: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությանը:
Լիբանանի բանակի հրամանատարությունն այս կապակցությամբ հայտարարել է, որ ինչ էլ լինի՝ «երկաթե ձեռքով կարգուկանոն կհաստատի»:
Շեյխ Ալ-Ասիրը Twitter-ի միջոցով իր կողմնակիցներին կոչ է արել ոտքի կանգնել իրեն օգնելու համար: Նրանք կրակ են բացել Լիբանանի հյուսիսային մայրաքաղաք Տրիպոլիում տեղակայված բանակային հսկիչ անցակետի վրա, որտեղ ամիսներ շարունակ չեն դադարում բախումները քաղաքի սունի և ալավի համայնքների միջև, որոնք տարբեր տեսակետներ ունեն Սիրիայում հակամարտության վերաբերյալ:










































