Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վաղաժամ է համարում վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե 2013-ի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո ինքը մտադիր է հեռանալ քաղաքականությունից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Դա չմտածված և վաղաժամ հայտարարություն է, որի հետևում, իհարկե, ընկած են որոշակի խնդիրներ»,- կիրակի Գորիում հայտարարել է Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ նման հայտարարությունը Իվանիշվիլին արել է այն պատճառով, որ երկրում ամեն ինչ չի ընթացել այնպես, ինչպես ինքն էր ցանկանում:
Օրերս վարչապետը էստոնական Postimees պարբերականին տված հարցազրույցում հայտնել էր նախագահական ընտրություններից հետո քաղաքական կյանքը լքելու մտադրության մասին:
Կիրակի նա ավելացրել էր, որ իր կարծիքով՝ նախագահական ընտրություններից հետո երկրի կառավարությունն իր կարիքը չի ունենա, սակայն ինքը կհեռանա քաղաքականությունից, երբ դա անհրաժետ լինի վրացի ժողովրդին:











































