ԿՀՎ-ի նախկին աշխատակից, լրտեսության մեջ մեղադրվող Էդվարդ Սնոուդենը South China Morning Post թերթի հետ հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը նախկինում չինական հեռահաղորդակցական ընկերությունների վրա կիբեռհարձակումներ է իրականցրել՝ ՉԺՀ-ի բնակիչների sms հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով:
Ամերիկացիները նաև կիբեռհարձակում են կազմակերպել Ցինհուայի համալսարանի ներքին ցանցի և Pacnet հեռահաղորդակցական ընկերության Հոնկոնգում գտնվող շտաբ-գրասենյակի համակարգիչների վրա:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ԱՄՆ դաշնային դատախազը Սնոուդենին մեղադրել է լրտեսության մեջ: Ամերիկյան կողմն արդեն Հոնկոնգից պահանջել է ձերբակալել մեղադրյալին՝ հակառակ դեպքում սպառնալով հարաբերությունների վատթարացմամբ:
Իր հերթին, Հոնկոնգի ոստիկանության քննիչ Ցզեն Վեսյուն կիրակի օրը հայտարարել է, որ Սնոուդենի գործում իրենք կառաջնորդվեն Չինաստանի օրենսդրությամբ։








































