Կոկորդիլոսն ընդհատել է Ֆլորիդայի բնակիչների դաշտահանդեսը՝ հացկերույթի թեժ պահին հանկարծակի հայտնվելով ջրից: Այս մասին հաղորդում է The New York Daily News-ը:
Արշավի կազմակերպիչ, 68-ամյա լուսանկարիչ Ռոդնի Քամուֆը պատմել է, որ կենդանին դուրս է եկել ջրից այն պահին, երբ զբոսաշրջիկները, հիանալով բնության գեղեցիկ տեսարանով, պատրաստվում էին ճաշել գետափին. «Նրանք արդեն փռել էին սփռոցները, դրանց վրա դրել համբուրգերները և հյութերը, երբ հայտնվեց անկոչ հյուրը»:
Հասկանալով իրավիճակը՝ ամերիկացիներն անմիջապես տեղի են տվել՝ գիշատչին թողնելով իրենց սնունդը:
«Այս տեղանքում զբոսաշրջիկները հաճախ են տեսնում կոկորդիլոսների և նրանց համար ուտելիքի կտորներ նետում ջրի մեջ: Այնպես որ, գիշատիչները գիտեն մեր օրակարգի մասին: Հավանաբար, նա ուղղակի որոշել է, որ մենք իր համար ենք սեղան գցել»,- ասել է լուսանկարիչը:
Արդյունքում կոկորդիլոսն իր գետն է վերադարձել՝ քաղցած թողնելով զբոսաշրջիկներին:









































