Ամերիկացի դերասանուհի Քիմ Բեսինջերը հաստատել է, որ գլխավոր դեր է խաղում «Փոքրիկ» (Petit) դրամայում, որի ռեժիսորն է դանիացի Անդերս Մորգենտալերը: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Բեսինջերը հանդես կգա Մարիա անունով հաջողակ կնոջ դերով, որին բժիշկները հայտնել են, որ նա անպտուղ է: Գլխավոր հերոսուհին տարվում է երեխա ունենալու ցանկությամբ: Նա փորձում է երեխա որդեգրել: Համաձայն սյուժեի՝ արդյունքում Մարիան բախվում է Արևելյան Եվրոպայում մանկական մարմնավաճառության հանցավոր աշխարհի հետ:
Բեսինջերից բացի՝ ֆիլմում նկարահանվում են կանադացի դերասան Ջորդան Պրենտիսը, շվեդ դերասան Փիթեր Ստորմարեն, ավստրիացի դերասանուհի Սոֆի Ռոիսը և գերմանացի Սեբաստիան Շիպերը:
Համբուրգում արդեն սկսվել են անգլալեզու ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի թողարկումը ծրագրված է 2014-ին:







































