Վրաստանի ոստիկանությունը քրեական հեղինակություն Տարիել Փոցխվերիային (հայտնի է նաև Տարաս և Կոկոնո մականուններով) նոր կյանք սկսելու հնարավորություն չի տվել: Բանտից ազատ արձակվելուց երկու շաբաթ անց «օրենքով գողը» կրկին ձերբակալվել է: Նրա ձերբակալության մասին հաղորդվում է Վրաստանի ՆԳՆ կայքում՝ փոխանցում է Interfax-ը:
1959 թվականին ծնված Տարիելն ազատության մեջ էր հայտնվել՝ շնորհիվ զանգվածային համաներման, որն իրականացրել էին Վրաստանի նոր իշխանությունները: Ոստիկանությունը սակայն, ապացույցներ ունի այն մասին, որ «օրենքով գողը» չի հրաժարվել հանցավոր գործունեությունից:
Քննիչների տվյալներով՝ նա «գողական հավաքներ» է կազմակերպել, ընդունել «գողական որոշումներ», «գողական հասարակության» մյուս անդամներին տվել ցուցումներ:
Վրաստանի ՆԳՆ-ում հայտնել են, որ պարզվել է՝ մեղադրյալը մասնակցել է գողական աշխարհի կառավարմանը:
Տարիելին ձերբակալել են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա ճառագայթային թերապիայի կուրս է անցնում: Որոշում է ընդունվել չընդհատել նրա բուժումը: Նա գտնվում է հսկողության ներքո:
Նշենք, որ Տարիելը, ինչպես նաև շատ քրեական հեղիանկություններ, Միխեիլ Սաակաշվիլիի օրոք մեկնել էր արտերկիր: 2006 թ. նրան ձերբակալել էին Ուկրաինայում և արտաքսել Վրաստան, որտեղ դատարանը նրան 14 տարվա ազատազրկման էր դատարտել 2006 թ. մարտի 27-ի Թբիլիսիի N5 քննչական մեկուսարանում խռովություն կազմակերպելու համար: Նա ազատ է արձակվել հունիսի սկզբին: Նշենք, որ համաներման արդյունքում ազատ էին արձակվել մոտ 3000 բանտարկյալներ, որոնցի 20-ը՝ «օրենքով գողեր»:
2013-ի մայիսին ոստիկանությունը զանգվածային հատուկ օպերացիա էր անցկացրել Արևմտյան Վրաստանի Սամեգրելո տարածաշրջանում: Իշխանությունները խոստովանում են, որ համաներումից հետո այնտեղ քրեական մթնոլորը սրվել է: Հանցագործությունների թվի նվազեցման համար իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբկալել են մաֆիայի 3 տասնյակ ենթադրյալ անդամների:








































