Հունիսի 15-ին դեսպան Համլետ Գասպարյանն այցելել է Տրանսիլվանիա` մասնակցելու Գեռլա քաղաքի օրերին: Գեռլա քաղաքի օրերը ավանդական տոնակատարություն է, որ արդեն 15 տարուց ի վեր կազմակերպվում է տեղական իշխանությունների կողմից և համընկնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնին: Անցյալ տարի Իջևանի հետ բարեկամության համաձայնագիր կնքելուց հետո քաղաքային իշխանությունները քաղաքապետ Մարիուս Սաբոյի նախաձեռնությամբ որոշել են այսուհետև պաշտոնապես միացնել զույգ տոները և հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնը հայտարարել քաղաքի օրերի մեկնարկ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Հորեա Ույորեանուն, Գեռլայի հետ եղբայրացած ֆրանսիական, իտալական, գերմանական, պորտուգալական և լեհական քաղաքների պատվիրակներ, իսկ Իջևան քաղաքը ներկայացրել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը:
Ժամանակին հայերի կողմից հիմնված քաղաքային այգուն հարող ընդարձակ մարզադաշտում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը գեռլացիների առջև հատուկ ուղերձով հանդես է եկել դեսպան Գասպարյանը և Վարուժան Ոսկանյանը` ընդգծելով նախկին Արմենոպոլիսի և շրջանի մյուս հայաբնակ քաղաքների նշանակությունը Տրանսիլվանիայի զարգացման և առաջադիմության գործում, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով ռումինական իշխանություններին և տեղական պատասխանատուներին ռումինահայ մշակութային հարուստ ժառանգության պահպանման և տեղի հայ կաթոլիկ համայնքի կարիքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:
Քաղաքի օրերի հանդիսավոր բացումից հետո ռումին բարձրաստիճան պաշտոնյաները և հրավիրյալ պատվիրակները ներկա են եղել Գեռլայի հայ կաթոլիկ Սուրբ Երրորդության տաճարում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագին և Հայոց մշակութային տան գեղարվեստական ծրագրին:
Հաջորդ օրն առավոտյան դեսպան Գասպարյանը մասնակցել է Գեռլայի քաղաքապետարանում եղբայրացած քաղաքների պատվիրակների հետ կազմակերպված խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են ապակենտրոնացված մակարդակով համագործակցության արդյունավետության հետ կապված հարցեր:
Օգտվելով առիթից` այդ օրերին Ֆրանսիայից ժամանած մասնագետի հետ դեսպան Գասպարյանն այցելել է նահանգային վարչական կենտրոն Կլուժ քաղաքի պետական արխիվներ, Գեռլայի և Դումբրավենի թանգարաններ և եկեղեցապատկան պահոցներ՝ ծանոթանալու այդ հաստատություններում պահվող հայկական ձեռագրերին, գրավոր փաստաթղթերին և պատմական ու գիտական հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերին, որոնք պետք է մաս կազմեն հետագայում կայանալիք ռումինահայ մշակութային ժառանգության վերաբերյալ խոշոր ցուցահանդեսի:
Նոյեմբերյանի հետ եղբայրացած Դումբրավեն քաղաքում դեսպան Գասպարյանը հանդիպում և գործնական զրույց է ունեցել նաև քաղաքապետ Ջորջետա Իրիմիեի հետ:
Գեռլայում դեսպան Գասպարյանը հարցազրույցներ է տվել ռումինական հեռուստատեսության տարբեր ծրագրերի:
ՀՀ դեսպանի Տրանսիլվանիայի քաղաքներ այցը կազմակերպվել է տեղի համայնքային ղեկավարներ Յոն Էստեգարի և Յոն Կալինեսկուի հետ համագործակցաբար:









































