Երևանում առաջիկայում կտեղադրվի «Արարատ-73» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների արձանախումբը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
«Մենք ավագանու որոշմամբ արդեն հավանություն տվել ենք տեղին: «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կունենանք «Արարատ-73» թիմի ֆուտբոլիստների արձանախումբ»,- նշեց Արեյանը:
Հարցին, թե բոլոր ֆուտբոլիստների արձաննե՞րն են լինելու, Արեյանը դժվարացավ հստակ պատասխանել: «Ճիշտն ասած, ես լավ չեմ տիրապետում, թե քանի ֆուտբոլիստի արձան կլինի, բայց կարող եմ ասել, որ լինելու է արձանախումբ:
Կարծում եմ, որ նրանք արժանի են: Մենք մեր արժեքներով պիտի հպարտանանք, արձանները պետք է դառնան մեր կյանքի «մասնակիցները»,- ասաց փոխքաղաքապետը:









































