Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ողջունել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունը օդային հաղորդակցության հարցի շուրջ Վրաստանի հետ խորհրդակցություններ անցկացնելու Մոսկվայի պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Վրաստանի հետ տրանսպորտային հարցերով՝ մասնավորապես, կապված օդային հաղորդակցությանը՝ երեկ հայտարարել էր Լուկաշևիչը: Նա նշել էր, որ արդեն գործում են բավականին կանոնավոր չարթերային չվերթներ Մոսկվայի, Եկատերինբուրգի և Թբիլիսիի ու Բաթումի միջև: Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ նկատվող որոշակի դինամիկան կհանգեցնի ռուս-վրացական հարաբերություններում զգալի առաջխաղացումների:
«Կանոնավոր չվերթների վերականգնումը թույլ կտա երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը դարձնել ավելի լայն և ակտիվ, ինչպես նաև բազմազան»,- հայտարարել է Աբաշիձեն: Նա նշել է, որ դա կազդի նաև ավիատոմսերի գնի վրա, որոնք ներկայում «բավականին թանկ» են:










































