Եվրախորհրդարանի ոչ օբյեկտիվ և անհիմն հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Եվրամիության միջև հարաբերությունները կարող են սառել: Այս մասին Trend գործակալությանը հայտարարել է Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կառավարման խորհրդի անդամ Մազհար Բաղլըն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Թուրքիայում ոտնահարվում են ցուցարարների իրավունքները: Ի պատասխան՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի հանդեպ ԵՄ ցանկացած որոշում անհիմն է:
Բաղլըի խոսքով՝ Եվրախորհրդարանի որոշումը Թուրքիայում ընթացող իրադարձությունների վերաբերյալ կրում է հապճեպ բնույթ: Նա նշել է, որ մինչ նման որոշում ընդունելը՝ Եվրախորհրդարանը պետք է ուսումնասիրեր Թուրքիայում տիրող իրավիճակը և միայն դրանից հետո հանդես գար պաշտոնական հայտարարությամբ:
Բաղլը նաև նշել է, որ Թուրքիայի տնտեսական աճը և եվրոպական որոշ երկրներում տնտեսական անկումը հիմք են տալիս ենթադրելու, որ նման հայտարարությունների հետևում կանգնած է նախանձի զգացումը Թուրքիայի տնտեսական հաջողության հանդեպ:
«Եթե ապագայում Թուրքիայի հանդեպ ԵՄ նման վերաբերմունքը պահպանվի, ապա երկիրը կսկսի վարել նոր քաղաքականություն, որը կկարողանա կանխել ԵՄ նման հայտարարությունները»,- ասել է նա:









































