ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց, որ ՀԱԿ-ն առաջարկում է բազմակուսակցական հանձնաժողով ստեղծել, որն ԱԺ-ում կքննարկի ՎՊ բացահայտումներն ու եզրակացությունը կուղարկի Գլխավոր դատախազություն:
«Դատախազությանը մենք տանք էդ գործերը, որ ինքը չորոշի՝ էդ մարդուն պատժի թե չպատժի»,- ասաց նա: Արամ Մանուկյանը նշեց, որ բիզնես ունեցողներին էլ կարող են ընդգրկել հանձնաժողովում:
Արամ Մանուկյանը իր ելույթում հեգնանքով հայտարարեց, որ Վարդան Այվազյանը մաքուր աշխատող պատգամավոր է և կապ չունի հանքային բիզնեսի հետ: Վարդան Այվազյանը դահլիճում ինչ-որ բան պատասխանեց, բայց այն չլսվեց: Ընդմիջմանը վեճը տեղափոխվեց միջանցք և բավականին սուր ընթացք ունեցավ: Վարդան Այվազյանը հայտարարեց, որ ինքը փող է բերում, Արամ Մանուկյանը հակադարձեց՝ մաքուր փողեր բերեք:
Վ. Ա.- Իմ բերած փողերից ո՞ր մեկն է անօրինական: Քաղաքական գործիչ եմ: Գնալու եմ ասեմ՝ արի, իմ երկրում փող դիր:
Ա. Մ.- Գալիս է քո վրա փող դնի:
Վ. Ա.- Իմ վրա չի դնում, երկրի վրա է դնում:
Ա. Մ.- Դու բիզնես չունե՞ս:
Վ. Ա.- Խի՞ պտի չունենամ, հո հայվան չեմ, որ չունենամ: Սեփականություն ունեցել եմ և սկսել եմ աշխատել: Կարմիր դիպլոմով գրուզչիկ եմ աշխատել, միանգամից չեմ եկել՝ մինիստր դարձել:
Ա. Մ.- Օրենքը պահի:
Վ. Ա.- Օրենքով եմ աշխատել գրուզչիկ, քեզի պես միանգամից պատրաստ չեմ ստացել:
Ա. Մ.- Մի գողացիր:
Վ. Ա.- Գողացածս ցույց տուր, այ գող:
Այս խոսքերից հետո լրագրողներից մեկը Վարդան Այվազյանին հակադարձեց, թե՝ «Հետք» պարբերականը գրել է նրա գողացածների մասին:
««Հետքը» փող է վերցրել գրել: Ի՞նչ է գրել: Էտ ինչ որ գրել է, տալիս եմ քեզ: Այդ 30 հանքը տալիս եմ քեզ»,- ասաց Վարդան Այվազյանը: Լրագրողը հակադարձեց, թե՝ ինձ պետք չէ, տվեք ձեր նախագահին:
«Իմ Նախագահին բան մի արա, քո նախագահին կտամ»,- հակադարձեց Վարդան Այվազյանը:
Լրագրողի և Վարդան Այվազյանի զրույցը ավելի հայհոյախառն բնույթ ստացավ, և ՀՀԿ խմբակցության պատգամավորները նրան ներս տարան՝ խմբակցություն:










































