Եգիպտական Egyptair ավիաընկերության ինքաթիռը, որը Կահիրեից Նյու Յորք էր թռչում, վայրէջք է կատարել շոտլանդական Գլազգոյում: Պատճառն ինքնաթիռը հրկիզելու վերաբերյալ երկտողն է եղել:
Օդանավակայանի ներկայացուցիչը միայն հաստատել է, որ երբ «Բոինգ-777»-ը լքել է թռիչքուղին, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Ուղևորներից ոչ ոք առայժմ ինքնաթիռից դուրս չի եկել: Իրավապահները նշել են, որ կհետաքննեն այս դեպքը և կգտնեն մեղավորին:
Ականատեսները տեղեկացրել են, որ ինքաթիռին ուղեկցելու նպատակով օդ են բարձրացվել թագավորական ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ:
Անգլերենով երկտողը պետքարանում հայտնաբերել է բրիտանական BBC-ի պրոդյուսերը: Դրա կողքին մատիտ է դրված եղել։ Երկտողում, մասնավորապես, ասվում է. «Այս չվերթը հրի մեջ կլինի»:
Ավիաընկերության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ ինքնաթիռի մեջ գտնվող 326 ուղևորները ստիպված կլինեն դուրս գալ այնտեղից, որից հետո իրավապահները կխուզարկեն ինքնաթիռը:








































