Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները հեռախոսազանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին` Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու համար:
«Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաև եղել են մի քանի հանդիպումեր Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել` սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես սյունեցիներին և հատկապես գորիսեցիներին»,- Aravot.am-ին ասել է Գորիսի նախկին քաղաքապետը` չմանրամասնելով թե հատկապես ում կողմից և ինչ տիպի սպառնալիքներ են հնչել:
Նախկին քաղաքապետը, այս օրերին թվարկելով Սուրիկ Խաչատրյանի 90-ականներին կատարած գործերը , դիմում է նաև ոստիկանությանը. «Հայաստանի բարձրագույն իշխանավորները և իրավապահ համակարգի ղեկավարները, մասնավորապես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը , քննչական ծառայության տնօրենը, ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը Սուրիկ Խաչատրյանի արտասովոր քրեական ընթացքի նկատմամբ դրսևորել են անտարբերություն և նրա հանցանքների վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրությունները և հրապարակումները ընկալել են՝ ձայն բարբառո անապատի:
Պահանջում եմ, որ իրավապահ համակարգի ղեկավարները վերջապես վերջակետ դնեն Սուրիկ Խաչատրյանի հանցագործ ընթացքի վերաբերյալ իրավապահ մարմինների մինչ օրս դրսևորած անգործությանը և համապատասխան քրեական գործեր հարուցեն իմ թվարկած բոլոր հանցանքների հետ կապված և անհապաղ ձերբակալեն մեր ժամանակների հակահերոս Սուրիկ խաչատրյանին»:









































