Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Հայաստանի կողմից Արցախի ճանաչման քայլը համարում է ուշ, բայց ոչ ուշացած:
«Սա ուղղակի դե ֆակտո հող է պատրաստում, որպեսզի առաջիկա հարձակման պարագայում արդեն ճանաչվի ԼՂՀ-ն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանը, սակայն, չի գնում մինչև վերջ, տեղ է թողնում բանակցային գործընթացը շարունակելու համար, ինչը նա համարում է ավելորդ ռևերանս և ավելորդ զգուշավորություն:
Ինչպես նշեց Հայկ Մարտիրոսյանը. «Գուցե ոմանք կարող են մտածել, որ սա կարող է Ադրբեջանի համար զսպման լծակ հանդիսանալ, որը կարծում եմ՝ շատ սխալ հաշվարկ է: Բայց ուզում եմ հավատալ, որ գոնե հող է պատրաստվում առաջիկա հարձակման ժամանակ ճանաչելու ԼՂՀ-ն և խնդիրը տանելու միայն ռազմական հարթություն, որովհետև դիվանագիտական հարթությունում հարցը միանշանակորեն սպառված է»:
Հայկ Մարտիրոսյանը վստահ է, որ սպասվում է ավելի լայնամասշտաբ հարձակում. «Դա կարող է լինել ամսի 9-ին՝ ինչպես ոմանք կռահում են, դա կարող է լինել ամսի 19-ին, կարող է լինել մեկ տարի հետո, բայց որ լինելու է՝ այլևս կասկածի ենթակա չէ»:









































