Ստամբուլի Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ոստիկանությունը ձերբակալել է 70 մարդու: Այդ մասին Twitter-ի իր էջում հաղորդել է Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն՝ ներկայացնելով նրանց մոտից առգրավված դանակների լուսանկարները:
«Սոցիալ-դեմոկրատական կուսակցության շենքում ձերբակալվել է 70 մարդ, որոնք մասնակցել են անկարգությունների: Շինության խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մեկ հրացան և դանակներ, որոնց լուսանկարը ես տեղադրում եմ»,- գրել է նահանգապետը Twitter-ում՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Վաղ առավոտյան ոստիկանները ժամանել են Թաքսիմի հրապարակ, որպեսզի Աթաթուրքի արձանն ու Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնի պատերը մաքրեն քարոզչական թերթիկներից, պաստառներից:
Ոստիկանները հայտարարել են, որ չեն հավաքելու ցուցարարների վրանները Գեզի այգուց: Որոշ ցուցարարներ նրանց ուղղությամբ քարեր են նետել: Մյուս ցուցարարները փորձել են նրանց խանգարել: Հրապարակում դիմադրությունը շարունակվել է գրեթե երեք ժամ:









































