Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով օրերս Երևանում մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացմանը և այդ առիթով կազմակերպված խնջույքին, շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանին ու Ադրբեջանին, այդ երկրների հետ Բելառուսի դիվանագիտական հարաբերության 20-ամյակի կապակցությամբ: Ալիևին և Սարգսյանին ուղղված հեռագրերի տեքստերը բավական հետաքրքրական են: «Մեր երկրների համագործակցությունը, որի հիմքում ընկած են բարեկամական հարաբերությունների զարգացման շահագրգռվածությունը, ընդհանուր պատմությունն ու եղբայր ժողովուրդների փոխադարձ հարգանքը, ձեռք է բերել խորը և բազմակողմանի բնույթ: Երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է առաջ շարժվել մի շարք փոխշահավետ ուղղություններով, ձեռնմուխ լինել կոնկրետ հարցերի լայն շրջանակի մշակման, որոնք իրենցից ներկայացնում են ռազմավարական գործընկերության օրինակելի դրսևորումներ»,- գրում է Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին:
«Անցյալ տարիների ընթացքում բելառուս-ադրբեջանական հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական գործընկերության բնույթ, որոնք տարեցտարի դառնում են ավելի ու ավելի բովանդակալից և դինամիկ»,- գրում է Լուկաշենկոն Ալիևին: Նա նշում է, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, համատեղ ջանքերը, որ ուղղված են արդյունավետ փոխգործակցության հետևողական ամրացմանը, լիովին համապատասխանում են Բելառուսի և Ադրբեջանի ժողովուրդների շահերին:
Առաջին հայացքից ուղերձներում որևէ բան չկա, և Լուկաշենկոն կարծես թե փորձել է պահպանել, այսպես ասած, դիվանագիտական հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սակայն պետք է հիշել, որ Բելառուսը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ: ՀԱՊԿ անդամ է նաև Հայաստանը: Իսկ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, և միևնույն ժամանակ պարբերաբար սպառնում է Հայաստանին պատերազմով: Իսկ ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որի անդամները պարտավորություն ունեն պաշտպանել մյուս անդամին որևէ ագրեսիայից: Բայց պարզվում է, որ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերությունները ձեռք են բերել «ռազմավարական գործընկերության բնույթ»: Եվ եթե Լուկաշենկոն այդպես է բնութագրում բելառուս-ադրբեջանական հարաբերությունները, ապա հայ-բելառուսական հարաբերության մեջ նա նկատում է ընդամենը «ռազմավարական գործընկերության օրինակներ»: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի պարագայում Լուկաշենկոն ամբողջական հարաբերություններն է բնորոշում ռազմավարական, իսկ Հայաստանի պարագայում՝ ընդամենը կոնկրետ հարցերի շուրջ մշակումները:
Այս ամենից զարմանալ պետք չէ՝ իհարկե, եթե հիշենք, որ Բելառուսը հանդիսանում է Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից մեկը: Այսինքն, ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի անդամ Բելառուսը, հանդիսանում է այդ դաշինքի մյուս անդամ Հայաստանի թշնամու կամ հակառակորդի հիմնական զենք մատակարարողներից մեկը: Այդ ամենից հետո, իհարկե, մնում է գոհ լինել, որ Հայաստանում Լուկաշենկոյի ոտքերի առաջ ոչ թե ոչխար կամ գառ են մատաղ անում, այլ ընդամենը հրավիրում են եկեղեցու բացման և ամբողջ էլիտայով ու ներքաղաքական դաշտով հանդերձ խմբվում են Բատկայի շուրջ: Եվ եթե Ադրբեջանին մատակարարվող զենքի գործոնը չլիներ, ապա կասկած չկա, որ համախումբը Լուկաշենկոյին կպատվեր «Բատկան եկավ մեր բակը, դու լու լու, դու լու լու, մեր բակը» երգով, որպես երջանիկ մանուկներ, որ կուրախացնեին աշխարհի մեծերից մեկին: Դրա դիմաց Բատկան մեծ կճուճից, անշուշտ, նորանոր տրակտորներ կհաներ Հայաստանի գյուղատնտեսության համար, թեև պարզվեց, որ Հայաստանի գյուղացիներին տրակտորներ չեն պետք, այլ հակակարկտային միջոցներ, որովհետև երբ կարկուտը խփում է, գյուղացուն մնում է տրակտորը ծախել՝ ապրելու համար: Սակայն տրակտորն էլ նրանը չէ, եթե անգամ տալուց հետո շարունակում է մնալ գյուղում, և այլ գյուղ չեն տարել: Բայց, քանի «Բատկան ողջ» է հայ գյուղացին անընդհատ պետք է տրակտոր քշի:
Հայաստանին՝ տրակտոր, Ադրբեջանին՝ զենք: Բելառուսը գիտի դիվանագիտական հավասարակշռության «գաղտնիքը», իսկ Հայաստանում գիտեն հյուրասիրության կանոնները:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































