Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանները ավելի քան 30 ուսանողի են ձերբակալել հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բրազիլական ԶԼՄ-ներին:
Ավտոբուսների և մետրոյի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաները Բրազիլիայի 4 քաղաքներում սկսվել էին հինգշաբթի: Ոստիկանության հետ ամենալուրջ բախումները տեղի են ունեցել Սան Պաուլու քաղաքում, որտեղ վնասվածքներ է ստացել մոտ 50 մարդ, ևս 15-ը ձերբակալվել են: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Նոր ցույցը, որն անցկացվել է երկուշաբթի՝ Ռիո դե Ժանեյրոյում, նույնպես ավարտվել է ոստիկանության հետ ընդհարումներով: Իրավապահները կիրառել են ձայնային նռնակներ, իսկ ցուցարարները՝ քարեր ու կոկոսներ: 31 ձերբակալվածների մեծ մասը հասցրած վնասի փոխհատուցման դիմաց ազատ են արձակվել:
Նշենք, որ ևս մեկ բողոքի ակցիա է ծրագրված այսօր՝ Սան Պաուլու քաղաքում:









































