Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից երիտթուրքերի կառավարության իրականացրած հայ ժողովրդի Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կդառնա պատմական ճշմարտության հաղթանակ: Այս մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ և թարգմանիչ Ալեքսանդր Բոժկոն:
«1915 թվականի դաժան կոտորածից հետո ուկրաինական հողում ապաստան են գտել հարյուրավոր և հազարավոր հայ փախստականներ, որոնց սերունդները՝ ժամանակակից Ուկրաինայի քաղաքացիները, երախտագիտությամբ կընդունեին մեր երկրի գերագույն օրենսդիր մարմնի նման որոշումը»,- ասել է նա և նշել, որ իրենք էլ են իրենց վրա զգացել նման մարդատյաց քաղաքականության ողջ վնասակարությունը Գոլոդոմորի տարիներին և դեպի Սիբիր զանգվածային արտաքսումների ժամանակ:
Ինչպես արդեն հաղորդվել է, հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման նախագիծ:
№2254а օրինագծի նախաձեռնողներն են ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը («Ռեգիոնների կուսակցություն») և Արսեն Ավակովը («Բատմիվշչինա»):
Ուկրաինացի խորհրդարանականների նախաձեռնությանն իր աջակցությունն է արդեն հայտնել Հայաստանի ԱԳՆ-ն:









































