Վերջերս Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի և դրա հոգեբանական ազդեցությունների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց հոգեբան Սամվել Խուդոյանի հետ: Վերջինիս համոզմամբ՝ այդ դեպքերը հասարակության վրա լուրջ ազդեցություն կունենան, եթե արդարացի դատավճիռ չկայացվի:
«Հասարակությունը հիասթափված է, հատկապես մեծ է զայրույթը, քանի որ սպանվել է զինվորականի եղբայր, իսկ բանակի հրամանատարը վիրավորվել է: Պաշտպանության նախարարի մակարդակով անգամ հայտարարվել է, որ հարցը արդարացի լուծում կստանա»,- նշեց նա: Սակայն նրա խոսքով՝ Վահե Ավետյանի սպանության ժամանակ էլ էր արվել նման հայտարարություն, և մինչ այժմ մեղավորները պարզված չեն. «Ես համոզված եմ՝ եթե ադեկվատ լուծում չտրվի, իշխանությունների վրա հերթական մինուսը կլինի»:
Հոգեբանն ասաց, որ Սյունիքի դեպքերը տարան նրան, որ մարզպետ Սուրեն Խաչատրյանի նկատմամբ հասարակության լայն շերտի մոտ բացասական վերաբերմունք է առաջացել: Այդ վերաբերմունքը չի փոփոխվի, եթե իշխանությունը խաղեր խաղա և նրան պաշտոնից հեռացնելու փոխարեն ժամանակավորապես ազատի, իսկ հետո թողնի մարզպետի պաշտոնում:
Նա համոզված է՝ սա հերթական կամայականության հետևանք է, սակայն հասարակության հոգեբանության վրա չազդելու, նրան չճնշելու համար պիտի վերջապես գործի օրենքի դաշտը: Սա առաջին հերթին Գորիսի համար է լավ, քանի որ մարդիկ կզգան, որ չեն ապրում անպատժելիության մթնոլորտում, և իրենց իրավունքը խախտելու դեպքում կարող են ապավինել իրավական մարմիններին:









































