Հունգարիայի արևմուտքում շուրջ 2000 մարդ է տարհանվել ջրհեղեղի վտանգի պատճառով: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, բնակավայրերին անմիջական վտանգ չի սպառնում, սակայն դրանց մի մասը կտրվել են երկրի մյուս մասերից:
Ակնկալվում է, որ Բուդապեշտում Դանուբ գետի ջրի մակարդակի բարձրացումն իր գագաթնակետին կհասնի հունիսի 10-ին:
Հիշեցնենք, որ նախօրեին Հունգարիայում շուրջ 10 հազար մարդ, այդ թվում՝ զինծառայողներ և կամավորներ, մասնակցում էին Դանուբի ափին պատնեշների կառուցման աշխատանքներին՝ սպասելով երկրի պատմության մեջ ամենախոշոր ջրհեղեղին: Ջրհեղեղները, որոնց պատճառը հորդառատ անձրևներն են, սկսվել են նախորդ շաբաթ՝ Չեխիայում: Ամբողջ Եվրոպայում դրանց հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ:









































