Ռազմական գործողություններից հետո Սիրիայի վերականգնման ծախսերը կկազմեն առնվազն 150 մլրդ դոլար։ Վատագույն դեպքում այդ թիվը կարող է հասնել 180 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է MarketWatch-ը՝ հղում անելով Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Յոն Քիմին։
«Ինձ մտահոգում է, որ չի լինի այն օգնությունը, որը կարելի էր սպասել մեկ բարել նավթի դիմաց 100 դոլար արժեքի ժամանակ։ Սովորաբար աջակցության մեծ մասը ստացվում էր տարածաշրջանի հարևաններից՝ նավթարդյունահանող պետություններից, սակայն նրանք անձամբ հիմա բախվում են բյուջետային դեֆիցիտի»,- ասել է նա ԱՄՀ-ի և ՀԲ-ի նիստին։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրա հրաժարականը պահանջող ապստամբների դիմակայությունը սկսվեց 2011 թվականին և վերաճեց լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում թափ հավաքեցին ահաբեկչական կազմակերպությունները։








































