Ընդունելով ՌԴ վարչապետ Մեդվեդևին՝ Սերժ Սարգսյանը դրսևորել է գրեթե աննախադեպ համարձակություն և խոսել այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ կիրառել է Ռուսաստանից ձեռք բերած սպառազինության ամբողջ զինանոցը: Սերժ Սարգսյանն այդ մասին խոսել է նաև Գերմանիայում՝ Անգելա Մերկելի հետ ասուլիսի ընթացքում, ասելով, թե ցավալի է, որ դաշնակցի մատակարարած զենքով են գրոհում Հայաստանի դեմ: Սակայն Սարգսյանը, ինչպես հայտնի է, ասել էր նաև, որ Հայաստանը չի կարող ազդել այդ գործընթացի վրա:
Ազդելու հնարավորությունների հարցն իհարկե կարևոր խնդիր է, և իրականում Հայաստանը չի կարող ազդել գործընթացի վրա, որովհետև Հայաստանը չունի պետական այն որակները, պետական կառավարման այն արդյունավետությունը, որը թույլ կտա վարել ինքնիշխան ու համարձակ, Հայաստանի շահից բխող արտաքին քաղաքականություն: Եվ այստեղ, իհարկե, առաջինը հարցերին պետք է պատասխանի Սարգսյանը, թե ինչո՞ւ չենք կարող ազդել: Որովհետև Հայաստանում ազդում ենք ընտրությունների արդյունքների՞ վրա, ազդում ենք քաղաքացիների իրավունքների և ազատությունների՞ վրա: Իհա՛րկե այո:
Այս հարցերը, անկասկած, առաջիկայում պետք է լինեն հայաստանյան լայն քննարկման առարկա, որովհետև դրանք Հայաստանի անվտանգության համալիր մեխանիզմի համար կարևորագույն հարցեր են, որպեսզի հայ զինվորն ու հրամանատարը ամեն անգամ ստիպված չլինեն կյանքի գնով ուղղել թիկունքում գործվող սխալների և հաճախ պարզապես հանցանքների հետևանքները: Եվ սրա համար է, որ Հայաստանում պետք է ձևավորվի նոր և իրական էլիտա, որի համար պետական շահերն ավելի բարձր են, քան անձնականը, որի համար անձնականն է զոհաբերվում պետականին, ոչ թե հակառակը:
Նոր էլիտա, քանի որ հինը կամ գործողը՝ չակերտավոր էլիտան, նույնիսկ այս պահին ըստ էության շարունակում է դրսևորել անձնապաստան մոտեցում պետական խնդիրներին: Եվ սա ակնհայտ դարձավ ՌԴ վարչապետի Հայաստան կատարած այցի շրջանակում:
Թվում է, որ ինչպես արտաքին ագրեսիային դիմագրավելու հարցում, այնպես էլ այս հարցում պետք է լինի կատարյալ համակարգված քաղաքականություն, որի առանցքային տարրերից մեկը պետք է լինի իբր դաշնակից համարվող Ռուսաստանին ակնհայտորեն մատնացույց անել Հայաստանի շահերի դեմ նրա կատարած քայլերն ու հայ զինվորների ու սպաների սպանության գործում պատասխանատվությունը՝ Ադրբեջանին տրամադրած մի քանի միլիարդ սպառազինության տեսքով: Սակայն ի՞նչ է ստացվում: ՌԴ վարչապետը գալիս է Հայաստան, ընդ որում՝ ակնհայտ արհամարհական կոնտեքստով՝ այդ այցից հանելով ԵՏՄ վարչապետների հավաքը և դրա փոխարեն մտցնելով այցը Բաքու, և այս ամենով հանդերձ՝ Հայաստանի վարչապետը նրա հետ հանդիպմանը չի բարձրաձայնում ռուսական զենքի մասին, փոխարենը հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, զբաղվում է այդ հակահայ գործարքի արդարացմամբ՝ կրկնելով շատերի համար ավանդական այն միտքը, թե Ռուսաստանից զենք չառնելու դեպքում Ադրբեջանը կգներ Իսրայելից և Թուրքիայից:
Մի կողմ թողնենք այդ պնդման տրամաբանական խոցելիությունը: Ստացվում է, որ ՌԴ վարչապետը գալիս է Հայաստան և, փոխանակ Հայաստանում իշխանությունը ուղղակի տոտալ գրոհի ենթարկի նրան Ադրբեջանի ագրեսիայի համար ռուսական պատասխանատվության մասով, զբաղվում է այդ պատասխանատվությունը, այլ կերպ ասած՝ հայ զինվորների և սպաների սպանությունը արդարացնելով: Փոխանակ Հայաստանի բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները Ռուսաստանի ցանկացած պաշտոնյայի առաջին հերթին և անընդհատ հիշեցնեն այդ հակահայ և մահաբեր գործարքի համար պատասխանատվության մասին՝ նրանցից ոմանք երևի թե զբաղվում են անձնական հաշվարկներով: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ Սերժ Սարգսյանը, օրինակ, ցավ է հայտնում, որ Ռուսաստանի վաճառած զենքը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ (իհարկե, Հայաստանից պահանջվում է ոչ թե ցավ, այլ էական քաղաքական կշիռ ունեցող հետևողական քայլեր), իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հակառակ դրան, զբաղված է Ռուսաստանին արդարացնելով, թե կգնեին Թուրքիայից ու Իսրայելից: Ի՞նչ է, ուզում եք Թուրքիայի՞ց գներ:
Եվ ինչո՞վ է հնարավոր բացատրել այս կոնտրաստը, եթե սրա բացատրությունը զուտ իշխանական կամ ներիշխանական հեռանկարների հաշվարկները չեն՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի հովանին վայելելու ակնկալիքով: Կարո՞ղ է լինել, կա՞ այլ բացատրություն, որը կներկայացվի հանրությանը, թե ինչու է Հայաստանի վարչապետը արդարացնում ռուս-ադրբեջանական գործարքը, և ինչու է դրսևորվում հայաստանյան երկու բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումների այս անհամապատասխանությունը, երբ կյանքը պետության անվտանգությանը զոհաբերած տասնյակ հայ զինվորների և սպաների թարմ հիշատակը պահանջում է գոնե այս հարցում պետական խիստ, հստակ և արժանապատիվ գիծ:








































