Ամերիկացի գիտնականները՝ Օհայոյի համալսարանից, մկների վրա կատարված փորձերի ընթացքում պարզել են, որ երկարատև սթրեսի և տարածական հիշողության վատացման միջև գոյություն ունի սերտ կապ, հայտնում է slavpeople.com-ը:
Հետազոտության ղեկավար Ջոնաթան Գոդբուն բացատրել է, որ սկզբում մկներին բաց են թողել լաբիրինթոսում, որտեղ նրանք մի քանի անգամ հաջողությամբ են գտել ելքը: Ապա նրանց ենթարկել են սթրեսի` նրանց մոտ թողել են ավելի մեծ և ագրեսիվ արուի, որից հետո մկների մոտ բարձրացել է սթրեսի մակարդակը, և նրանք սկսել են մոռանալ ճանապարհը և չգտնել փրկարար ելքը:
Գիտնականները նաև նկատել են, որ տարածական հիշողության վատացման հետ փոփոխություն է կատարվել նաև մկների գլխուղեղում:
Մասնագետների կողմից հայտնաբերված իմունային պաշտպանության բջիջները կարող են բորբոքային ռեակցիայի նշան լինել` առաջացած երկարատև սթրեսային գործոնի դեմ: Լաբորատոր մկների մոտ դա անցել է 28 օր հետո:
Այդ արդյունքները գիտնականներին համոզել են, որ սթրեսային գործոնների հետևանքով հիշողության հետ խնդիրների առաջացումը կապված է իմունային համակարգի կողմից սթրեսին պատասխանի հետ:









































