Կալե քաղաքի արվարձանում, որտեղ գտնվում է անօրինական ներգաղթյալների ճամբարը, և որը Ֆրանսիայի իշխանությունները երկուշաբթի սկսել են քանդել, օրվա երկրորդ կեսին ոստիկանության հետ տեղի են ունեցել բախումներ: Այս մասին հայտնում է rg.ru-ն:
Առավոտյան ճամբարի հարավային մասի ապամոնտաժումը, ինչի մասին դրա բնակիչները նախօրոք տեղեկացվել են, անցել է հարաբերականորեն հանգիստ՝ 250 ոստիկանների և ժանդարմների հսկողությամբ: Սակայն երեկոյան ինչ-որ մեկն այրել է քանդման ենթակա մի վրան, իսկ իրավապահների վրա նետել գլաքարեր և այլ ծանր առարկաներ:
Կալե դեպարտամենտի պրեֆեկտուրայի տեղեկացմամբ՝ սադրիչ գործողությունները հեղինակել են 5 տասնյակ մարդիկ, որոնց տոն են տվել No borders՝ «Առանց սահմանների» խմբավորման անդամները, որոնք պահանջում են սահմանների չեղարկում՝ որպես այդպիսին, և անօրինական ներգաղթյալների անարգել հասանելիություն Մեծ Բրիտանիա: Ի վերջո, «Առանց սահմանների»-ի 3 անդամ և 1 անչափահաս փախստական ձերբակալվել են: 5 ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել: Քանդման աշխատանքները կշարունակվեն երեքշաբթի:





















































