Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անկարգությունների հետևանքով վիրավորվել է երեք ոստիկան: Դժգոհությունների պատճառը ոստիկանության կողմից տարեց մարդու սպանությունն էր՝ հաղորդում է Associated Press-ը:
Հուսբյու թաղամասում տեղի ունեցած անկարգություններին մասնակցել է շուրջ 50 երիտասարդ, որոնք քարեր են նետել ոստիկանների վրա և այրել մի շարք ավտոմեքենաներ ու շինություններ, ինչի կապակցությամբ տների բնակիչները տարհանվել են: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ այստեղ վառել են շուրջ 100 ավտոմեքենա: Երիտասարդներն այրել են նաև ավտոտնակ: Կողոպտվել է տեղի առևտրի կենտրոնը:
Ներկա պահին թաղամասում կարգուկանոն է հաստատվել, ձերբակալվածներ չկան:
Անկարգությունների պատճառը շուրջ մեկ շաբաթ առաջ Ստոկհոլմի ոստիկանության կողմից 69-ամյա տղամարդու սպանությունն էր: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակել էին տղամարդու վրա այն բանից հետո, երբ հաղորդագրություն էին ստացել, թե նա զինված է և սպառնում է հարևաններին:
Հուսբյու թաղամասը տեղակայված է Ստոկհոլմի կենտրոնում և բնակեցված է հիմնականում օտարերկրացիներով:







































