Երեկ Երևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևն իսկական փորձություն էր Երևան քաղաքի ջրահեռացման համակարգի համար: Հորդառատ անձրևից րոպեներ անց քաղաքը հայտնվեց ջրի մեջ՝ ճանապարհին մնացին հարյուրավոր ավտոմեքենաներ, գրանցվեցին ճանապարհատրանսպորտային պատահարներ, կաթվածահար եղավ քաղաքային երթևեկությունը: Տեղի ունեցածից հետո առաջին քննադատություններն ուղղվեցին հենց մայիսի 5-ին վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի հասցեին, որոնք էլ պատասխանատու են քաղաքային ջրահեռացման համակարգի գործունեության համար:
Հայաստանի Սպառողների միության նախագահ, երկրաբան, գեոֆիզիկ Արմեն Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցն ունի սկզբունքային և տեխնիկական կողմ: Առաջինն, ըստ նրա, այն է, որ բնությունն այնպես է ստեղծված, որ անձրևներից հավաքված ջրի հեռացման ուղիներն արդեն իսկ կարգավորված են, այդ մարդն է, որ իր գործունեությամբ՝ կառուցապատմամբ, փակում է այդ ուղիները։
«Մենք ունեինք Գետառ, իսկ այսօր չունենք: Եթե պահպանած լինեինք Գետառը, երեկ հեղեղի պատճառ դարձած ջրի կեսը Գետառը կտաներ, իսկ ՀՀ իշխանությունը, ճարտարապետական, քաղաքաշինական միտքը մեզ բերեցին այս վիճակին: Մենք կատարել ենք հանցագործություն բնության դեմ՝ սկսած 1988 թվականից՝ Երևանի 10-12 քաղաքապետերի հետ: Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին հարց էի ուղղել Գետառի վերաբերյալ, և նա պատասխանել էր, թե ինչ անի, որ հրավիրել է մասնագետների, իսկ նրանք իրարամերժ կարծիքներ են հայտնել: Իրականում նա վարվել էր շատ ճիշտ, որ այդ հարցը պետք է մասնագետները լուծեին, ոչ թե քաղաքապետը, իսկ ինքն ի՞նչ մեղավոր է, որ մասնագետների մեջ խելամիտ մարդիկ չկան: Այ, ողջ համակարգն է այս վիճակում»,- նշեց Արմեն Պողոսյանը:
Անդրադառնալով խնդրի տեխնիկական կողմին՝ նա ասաց, որ քաղաքի ոչ ամբողջական ջրահեռացման համակարգը լրջագույն խնդիր է: Ըստ նրա՝ գոյություն ունի փողոցային և մագիստրալային ցանց:
«Գոյություն ունեցող ցանցը չի բավարարում հզոր անձրևների դեպքում, իսկ երևանյան բնությունն այնպիսին է, որ տարվա տեղումների զգալի մասն ապրիլ-մայիս ամիսներին են լինում: Ավելի մեծ նագրուզկայով պետք է աշխատի համակարգը նման օրերին, բայց չի կարող: Պետք է ներդրումներ իրականացնել այս համակարգը վերանայելու, վերանորոգելու, թողունակությունն ավելացնելու համար: Պետք է ուսումնասիրեն. եթե պետք է փոխեն, թող փոխեն ջրահեռացման համակարգը»,- եզրափակեց իր խոսքն Արմեն Պողոսյանը:
«Առաջին լրատվական»-ը դիմեց նաև Երևանի քաղաքապետարան, և քանի որ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի պատասխանատուները տեղում չէին, բաժնի աշխատակցուհին մեզ պատասխանեց, որ երեկ փոխքաղաքապետ Կամո Արեյանն արդեն իսկ անդրադարձել է հարցին և պարզաբանել, որ երեկոյան արդեն իսկ բոլոր աշխատանքները կատարված են եղել, պարզապես երեկ տեղացած անձրևն աննախադեպ էր իր հորդառատությամբ՝ ջրի քանակը չափազանց շատ է եղել, կոյուղիների կափարիչները խախտվել են, որի արդյունքում ջուրը լցվել է փողոց: Բայց, ըստ քաղաքապետարանի աշխատակցուհու, փոխքաղաքապետը վստահեցրել է, որ անհանգստանալու առիթ չկա, որ իրավիճակը քաղաքապետարանի վերահսկողության տակ է:









































